ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը:
Հիշեցնենք, որ գրառումը վերաբերում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Գրառմամբ Հակոբյանն ակնարկում էր, որ Վանեցյանը օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված է և ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է այդ պատճառով:
Նա չցանկացավ այն մեկնաբանել՝ նշելով, որ անվտանգության վերաբերյալ հարցերը մեկնաբանում է այն դեպքում, երբ դրանց վերաբերյալ փաստական տվյալներ են հրապարակվում և արվում են պաշտոնեական պարտականություն ստանձնած անձանց կողմից։
«Այդ բնույթի բազում հայտարարություններ կարող են արվել, բայց, այո, նաև այդ բնույթի ցանկացած հայտարարություն հատկապես գոնե օպերատիվ ստուգման անհրաժեշտություն ունենալու է»,- ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Լրագրողների հարցին, թե արդյոք նման տեղեկություն ունի՞ գլխավոր դատախազը, Դավթյանն ընդգծեց, որ իր տեղեկություններն իրենց արտահայտությունը պետք է գտած լինեն նախապես քրեական գործերում կամ քրեական վարույթներում։ Շեշտեց՝ այդպիսի քրեական վարույթ չկա։