ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը խորհրդարանում լրագրողներին ասել է, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպը դիտարկում է որպես ՀՀ քաղաքացիներին առնչվող դեպք:
«Ես չեմ առանձնացնում Ալեն Սիմոնյանին որպես պաշտոնյայի, սա առնչվում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել ընդհանուր պատկերի վրա։ Տեղի ունեցած միջադեպի հետ կապված չեմ հնչեցնի որևէ իրավական գնահատական թե Ալեն Սիմոնյանի, թե մյուս կողմի գործողությունների մասին»,- ասաց Մակունցը։
Պատգամավորը նախ հիշեցրեց, որ երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով իր և Արթուր Դանիելյանի վիճաբանությանը, արդեն հայտարարել է, որ զղջում է տեղի ունեցածի համար, և ասել է, որ ինքը ստիպված է եղել նման կերպ արձագանքել։
«Այնպես չէ, որ որևէ մեկն արդարացնում է որևէ բան։ Իրավական գործընթացներ են տեղի ունենում, և գնահատականները կհնչեցնեն հենց իրավապահ մարմինները։ Ես կարծում եմ՝ փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, որ կարող է խնդիր առաջանալ հանրային անվտանգության առումով: Դա կարող է տեղի ունենալ ցանկացած քաղաքացու կամ պաշտոնատար անձի նկատմամբ։ Իմ անձնական գնահատականով՝ վերջին միջադեպերը, որոնք առնչվում են Ալեն Սիմոնյանին, կապված են վերջին օրենքներից մեկի ընդունման հետ։ Խոսքը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունման մասին է, որին հետևած Ալեն Սիմոնյանի հրապարակային ելույթները, կարծում եմ, անմիջականորեն կապված են տեղի ունեցածի հետ: Այս ամենի հետևում այն բոլոր մարդիկ են, որոնք ապօրինի գույքի ձեռքբերման հետ կապված ունեն որոշակի մտահոգություններ, և այդ առնչությամբ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները իրենց այդքան էլ դուր չեն եկել։ Կարծում եմ, որ այս ամենը փոխկապակցված է»,- ասաց Մակունցը։
Նա հավելեց՝ միևնույն է՝ օրենքն ընդունված է և ծառայելու է ՀՀ-ին ու քաղաքացիներին, նման դեպքերը որևէ օգուտ չեն տալու և ընդամենը խուճապային տրամադրությունների դրսևորում են։