Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթով այսօր ընդունվեց հարց, որով 8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվեց մոտավորապես 36.000 շահառուներով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց, որ որոշմամբ ոչ միայն ընդլայնվել են ոլորտները, այլև ներգրավել են քաղաքացիա-իրավական պայմանագրով աշխատողներին։
«Այսինքն՝ բոլոր ոլորտներից, որ ճանաչվել են տուժող, այդ անձինք ևս կարող են դիմել ծրագրից օգտվելու համար։ Ավելացված ոլորտներն են՝ հագուստի արտադրություն, կոշիկի և այլ կաշվե արտադրական արտադրատեսակների արտադրություն, կահույքի արտադրություն, թանկարժեք, ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում, նորոգում, օդային տրանսպորտի գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչական բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, սպորտի, երաժշտության, սպորտի ու պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում, պոլիգրաֆիական գործունեություն, տպագրական ծառայություններ և 40-99 տոկոս տեսակարար կշռով տուժած ոլորտներ»,- թվարկեց նախարարը։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ այն տնտեսավարողները, որոնք նախկինում իրենց ՊԵԿ ներկայացրած հաշվարկներում գործունեություն ներկայացրած հաշվարկներում գործունեության տեսակի դասակարգիչը սխալ էին նշել, կարող են մինչև մայիսի 5-ը ճշտված հաշվարկներ նշելու միջոցով ևս դառնալ այդ միջոցառման շահառու։
Վարչապետը տեղեկացրեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում մինչ այժմ բաշխվել է շուրջ 54,9 միլիարդ դրամ, շահառու տնտեսավարողների թիվը, որոնք օգտվել են հակաճգնաժամային միջոցառումներից, 22.000 է։ Շահառու ֆիզիկական անձանց թիվը՝ շուրջ 775․000 մարդ։
«Այս որոշման արդյունքում մեր հակաճգնաժամային միջոցառումներից օգտվող ֆիզիկական անձանց շրջանակն ընդլայնվում է։ Մեր 8-րդ, 9-րդ,10-րդ միջոցառումները, նաև 1-ին, 2-րդ և 5-րդ միջոցառումները շարունակվում են։ Ամեն օրվա հետ շահառուների թիվը փոխվում է, ավելանում է»,-ընդգծեց վարչապետը։