Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Կառավարության նիստին ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ավելացնել զինծառայողների կողմից ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց զինծառայողներին տրվող փոխհատուցման չափերը:
Նախարարը նշեց, որ գործող որոշմամբ սահմանված գումարը չի բավարարում զինծառայողի փաստացի կատարած ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուն:
«Նախարարությունը կիրականացնի իր ավելացումները հատկացված ընդհանուր միջոցների հաշվին, որոշումը նաև տարածվում է ոստիկանական զորքերի և ազգային անվտանգության ծառայողների վրա: Զինծառայողը, որը ծառայում է Մեղրիում, իսկ իր մշտական բնակության վայրը Գյումրիում է, իր փոխհատուցումը ստանում է մինչև Երևան: Դա վերականգնվել է»,- նշեց պաշտպանության նախարարը:
Վարչապետը ընդգծեց, որ որոշումը վերաբերում է ժամկետային զինծառայողներին ևս: Վարչապետը նշեց, որ այս նախագիծն ընդունվել է զինվորներից կատարած հարցումների արդյունքում, և նմանատիպ այլ հարցեր, որոնք հուզում են զինվորներին, լուծում կստանան:
«Բոլորին բարի ծառայություն ենք մաղթում: Հույս ունենք այս կորոնավիրուսի պայմաններում այս որոշումը նրանց տրամադրությունը կբարձրացնի: Ժամկետային զինծառայողները արձակուրդ չեն գնում, մեկնում են միայն պայմանագրայինները, վստահ եմ, որ ծնողները ըմբռնումով են մոտենում»,- նշեց վարչապետը: