Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների իրականացման ընթացքը, տեղեկացրեց, որ երկրորդ միջացառման շահառու ֆիզիկական անձանց և կազմակերպությունների թիվը գերազանցում է 6000-ը։ Նրանցից 5500-ը այն անհատներն ու կազմակերպություններն են, որոնք դիմել են մինչև 1 միլիոն դրամ վարկավորման աջակցության գործիքից օգտվելու համար։
Աջակցության երրորդ ծրագրի շրջանակում մինչև այսօր շահառու է դարձել 549 կազմակերպություն, որոնք ունեն 6․3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով վարկային հայտեր։
Նախարարը անդրադարձավ նաև տնտեսական մյուս միջոցառմանը, որի նպատակը այն կազմակերպություններին խրախուսելն էր, որոնք տարվա երրորդ ամսվա դրությամբ կազմակերպության աշխատակիցներին շարունակում էին վճարել այնքան, որքան վճարել էին հունվարին և փետրվարին: «Այդ դեպքում Կառավարությունը նրանց հատկացրել էր յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի աշխատավարձը։ Միջոցառման շրջանակում Կառավարության կողմից արդեն հատկացված է 1,9 միլիարդ դրամ աջակցություն այն կազմակերպություններին, որոնք այդ պահանջը կատարել են և, ըստ էության, օգտվել Կառավարության խրախուսական աջակցությունից»,- ասաց նախարարը։
Խաչատրյանը նաև նշեց, որ Կառավարությունը շարունակաբար լսում և հետևում է մասնավոր հատվածից եկող արձագանքներին, որոնք վերաբերում են աջակցման գործիքների կիրառությանը։ Ընդգծեց, որ տրամաբանական բարելավումներ են առաջարկում Կառավարությանը։ Այս ամսվա ընթացքում դրանց շնորհիվ ճշգրտումներ են կատարել ոլորտների, լրացուցիչ թվով շահառուներ դառնալու հնարավորություններ ընձեռելու առումով։
«Առաջարկները վերաբերել են նաև այնպիսի չափորոշիչների, ինչպիսին վարկային կարգապահությանն առնչվող հարցն է։ Այսօր կամ վաղը ուժի մեջ կմտնի ևս մեկ որոշում, որը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք թեև 2019 թվականի դեկտեմեբրի 31-ի դրությամբ ունեցել էին չնչին գումարով ժամկետանց վարկային պարտավորություններ և այդ պատճառով չէին կարողացել դառնալ միջոցառումների շահառու։ Այդ փոփոխությունը ուժի մեջ մտնելուց հետո նրանք նույնպես կորակվեն որպես Կառավարության աջակցության ծրագրի շահառուներ»,- ընդգծեց Խաչատրյանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումից մեկ ամսում արդեն օգտվել է 284 կազմակերպություն, որոնք ունեն 24,6 միլիարդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկային հայտեր։