Երևանի փողոցներում շուտով «կարմիր գծեր» հնարավոր է՝ լինեն միայն Կենտրոնում, Արաբկիրում։ Առաջիկա օրերին խորհրդարանում շրջանառության մեջ կդրվի օրինագիծ, որը վճարովի ավոտկայանատեղիների համար նախատեսում է կահավորել միայն այդ երկու վարչական շրջանների որոշ փողոցները: Նոր նախագիծը մշակելիս օրենսդիրները հաշվի են առել մի շարք խնդիրներ:
«Երևանի քաղաքապետի և ավագանու հետ սերտ համագործակցության արդյունքում մենք վեր հանեցինք այն բոլոր հիմնական խնդիրները, որոնք առկա էին այս ընթացքում և նաև նախորդ տարիների ընթացքում՝ կարմիր գծերի կայանման ոլորտում, վարչարարության ոլորտում, և փորձել ենք լուծում գտնել տվյալ իրավիճակում նաև վճռաբեկ դատարանի հայտնի այն որոշման մասով՝ նախորդ տարի կայացված, որը հենց վարչարարության հետ էր կապված»,- նշում է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Ընդհանուր տեսլական է մշակվել, թե ինչպես ենք տեսնում կարմիր գծերի և վճարովի կայանատեղիների ապագան, ու ըստ դրա դերերը բաշխել ենք, թե ինչ պետք է անի ԱԺ-ն, և ինչ պետք է անեն քաղաքապետարանն ու ավագանին: Մասնավորապես, գործիքակազմ էր պակասում քաղաքապետարանին, որպեսզի կարողանա պատշաճ վերահսկողություն իրականացնել»,- ասում է Երևանի ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյանը:
Օրենքի նախագծի թերևս ամենակարևոր դրույթն այս փուլում վերաբերում է վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանված ավտոմեքենաներին։ Նման մեքենաների համար կլինեն հատուկ վայրեր և հատուկ սակագներ, որոնք որոշելու է Երևանի ավագանին։
Ավագանին է սահմանելու, թե որտեղ պետք է լինեն վճարովի կայանատեղիներ և որտեղ պետք է չլինեն, ինչպես նաև պետք է ավագանին մշակի կարգ, թե ինչպես պետք է տարհանվեն մեքենաները, որոնք չունեն պետհամարանիշ կամ էլ դրված են վաճառքի, որտեղ կարող են վաճառքի մեքենաները կայանել կամ կարմիր գծերի վրա առհասարակ կարող են կայանել, թե ոչ, և եթե կայանում են, որքան վարձ պետք է վճարեն, որովհետև արդար չէ, որ նրանք նույն վճարը վճարեն, ինչ սովորական կայանում իրականացնող քաղաքացիները»,- նշում է Էդուարդ Ավետիսյանը:
Տեսախցիկներով կահավորված կլինեն սահմանված բոլոր ավտոկայանատեղիները: Այս կերպ առավել վերահսկելի կդառնա ամբողջ գործընթացը, վարչարարությունն էլ կիրականացվի բացառապես տեսանյութի առկայության դեպքում:
«Եթե նախկինում, օրինակ, շրջիկ մեքենաները շրջում էին և արձանագրում, որ իքս մեքենան կայանած է եղել այդտեղ, և երկու լուսանկարի միջոցով կազմվում էր վարչական ակտ, ապա հիմա պարտադիր կլինի տեսանյութի առկայությունը. սա փաստացի վճռաբեկ դատարանի որոշման ի կատար ածումն է, որով ավելի հիմնավորված կլինի, որ տվյալ մեքենան 15 րոպե այդտեղ կայանել է: Սրանով վարորդների կողմից դժգոհությունը և բողոքարկումները, կարելի է ասել, զրոյի կհասցվեն»,- նկատում է Սիսակ Գաբրիելյանը:
Օրենքի նախագծի մեկ այլ դրույթով էլ, հօգուտ վարորդի, փոխվել է տարեկան բաժանորդագրության ժամկետը. այն կավարտվի վճարման պահից մեկ տարի անց:
«Օրինակ, եթե ինչ-որ մեկը դեկտեմբերի 1-ին վճարում է տարեկան վճար կայանատեղիների համար, դա գործում է մինչև տարվա ավարտը, և ստացվում է, որ մեկ ամսվա համար է վճարվում, իսկ նախատեսվող կարգով այնպես է լինելու, որ մեկ ամբողջական տարվա համար վճարեն: Այսինքն՝ եթե դեկտեմբերի 1-ին վճարում ես, այն ուժի մեջ կլինի մինչև մյուս տարվա դեկտեմբերի 1-ը»,- նշում է Երևանի ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյանը:
Երևան քաղաքի ավտոկայանատեղիների կազմակերպումն իրականացնող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության կառավարումը 2019 թվականից ամբողջությամբ անցավ համայնքին, արդյունքում համայնքը խնայեց հավատարմագրային կառավարչին ըստ պայմանգրի վճարվող տարեկան 84 մլն դրամը:
«Ընկերությունն ունի ֆինանսական պարտավորություններ բանկին: 2019 թ. օգոստոս ամսին պարտավորությունները կազմել են 2.35 մլն ԱՄՆ դոլար, ներկայումս այդ թիվը նվազել է՝ հասնելով 1.75-ի, այսինքն՝ այս ժամանակահատվածում գրեթե 600 հազար ԱՄՆ դոլար վարկային պարտավորությունների մարում է տեղի ունեցել: Բարելավվել են նաև ֆինանսական ցուցանիշները. 2018 թ. ընկերության ֆինանսական վնասը կազմել է 271 մլն դրամ, իսկ 2019 թ. արդեն վնասի չափը նվազել է՝ հասնելով 175 մլն դրամի, այսինքն՝ մոտ 95 մլն դրամով վնասը կրճատվել է»,- ընդգծում է «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը:
Հարկ է նկատել, որ օրենքի այս նախագծով հնարավոր լուծում է տրվում տարիներ շարունակ քաղաքացիների հնչեցրած դժգոհություններին, սակայն Երևանում ավտոկայանատեղիների կանոնակարգման վերջնական լուծումը կտրվի տրանսպորտային նոր ցանցով։
«Մենք պլանավորում ենք, երբ կունենանք վերջնական երթուղային ցանցը, այդ ժամանակ նորից վերանայենք այն մոտեցումները, որոնք ներկայիս դրությամբ առկա են «կարմիր գծերում»: Մենք միջազգային փորձագետների հետ ուսումնասիրելու ենք և ընդօրինակելու ենք լավագույն փորձը և, երբ ունենանք նոր երթուղային ցանցը, այն կկիրառենք արդեն ժամանակակից մոտեցումներով»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Ինչ վերաբերում է օրենքի կիրառմանը, ապա տվյալ օրենսդրական նախագիծը խորհրդարան առաջին ընթերցման կհասնի մոտ 1,5 ամիս հետո, իսկ երկրորդ ընթերցումը ամենայն հավանականությամբ կլինի աշնանը։