Մոսկվան չի ցանկանում լարվածություն առաջացնել Չեխիայի հետ հարաբերություններում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վերջին իրադարձությունները, այդ թվում՝ Մոսկվային ուղղված Չեխիայի մեղադրանքները Պրահայի քաղաքական գործիչներին սպանելու հարցով:
«Մեզ ցանկալի չէ հարաբերությունների լարվածությունը, և մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա: Մենք հավատում ենք, որ այդ հարաբերությունները պետք է զարգանան փոխադարձ հարգանքի հիմունքներով»,- ասել է Զախարովան:
Պրահայի Respekt շաբաթաթերթը, վկայակոչելով տեղական հատուկ ծառայությունների աղբյուրը, գրել է, որ, իբր, երեք շաբաթ առաջ մի տղամարդ է ժամանել Պրահա՝ Ռուսաստանի դիվանագիտական անձնագրով, որն իր ճամպրուկում մահացու թույն է ունեցել: Շաբաթաթերթը ենթադրել է, որ թույնը նախատեսված էր Պրահայի քաղաքային երկու քաղաքական գործիչներին վերացնելու համար: Նրանք կապված են Մարշալ Կոնևի հուշարձանի քանդման և Ռուսաստանի դեսպանատան դիմացի հրապարակը Բորիս Նեմցովի անունով անվանափոխելու հետ:
Չեխիայի վարչապետ Բաբիշը չի ընդունել երկրից Ռուսաստանի դեսպանի արտաքսման պահանջը, բայց և շեշտել է, որ Չեխիան միջազգային խոշոր տերություններին թույլ չի տա միջամտել իրենց քաղաքական գործերին: