ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու մի շարք հանգամանքներ:
Պարզվել է, որ համայնքի ղեկավարը համաձայնություն է ձեռք բերել համայնքի ավագանու մի շարք անդամների հետ՝ նրանց օժանդակությամբ, համայնքի բյուջեի առանձնապես խոշոր չափերով միջոցները ոչ նպատակային, անարդյունավետ տնօրինելու, իրենց և մերձավորների, համայնքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցների և նրանց ընտանիքների կարիքների բավարարմանն ուղղելու համար:
Այդ նպատակով համայնքի նախկին ղեկավարը և ավագանու անդամները, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթները, չեն սահմանել սոցիալական օգնություն հատկացնելու կարգը և 2008-2016 թվականներին, առանց հանձնաժողովի նիստում սոցիալական նպաստ ստացող անձանց սոցիալական վիճակի մասին ուսումնասիրություն կատարելու ու այդ փաստն արձանագրելու, որոշումներ են կայացրել՝ 11.058.000 ՀՀ դրամ նպաստներ տրամադրելու վերաբերյալ, որից հատկացում է կատարվել 10.108.000 ՀՀ դրամի չափով: Նշված գումարները հատկացվել են հիմնականում համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ու հաշվապահի մերձավորներին, համայնքի ավագանու անդամներին և նրանց բարեկամներին, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի բարեկամներին:
Բացի դրանից՝ համայնքի ղեկավարը պաշտոնավարման 7 տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարի համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել իրեն, իր բարեկամներին, համայնքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներին, համայնքի ավագանու անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների գույքահարկը զիջելու, հիշյալ անձանց պատկանող հողի հարկի վճարումից ազատելու մասին որոշումների նախագծեր: Արդյունքում՝ իրավական ակտերի պահանջների խախտմամբ, որոշումներ են կայացվել՝ 490.476 ՀՀ դրամի չափով զիջումներ կատարել ավտոմեքենաներից գանձվող գույքահարկի, իսկ 558.100 ՀՀ դրամի չափով՝ հողի հարկի մասով:
Համայնքի նախկին ղեկավարը, համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու անհրաժեշտության մասին համայնքի զարգացման քառամյա ծրագրում նշած չլինելու, ինչպես նաև ձեռքբերման անհետաձգելիությունը որևէ կերպ չհիմնավորելու պայմաններում, մտադրություն ունենալով իր կողմից փաստացի շահագործվող, համայնքի ավագանու գործող անդամի և իր բարեկամի անվամբ հաշվառված, 7.300.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող «BMW» մակնիշի լյուքս դասի ավտոմեքենան ձևակերպել համայնքի անվամբ, համայնքի բյուջեից դուրս է գրել առանձնապես խոշոր չափի՝ 10.400.000 ՀՀ դրամ: Այդ նպատակով 13.04.2015 թ. համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի հիմնական միջոց հանդիսացող շուրջ 8.8 հա հողատարածքի օտարման հարցը, որն աճուրդով՝ 10,4 մլն ՀՀ դրամով, օտարվել է, իսկ ստացված միջոցներն ուղղվել են վերոհիշյալ ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերմանը: Իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով նախկին ղեկավարը, ավագանու անդամների հետ, ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով հայտարարված պարզեցված ընթացակարգի հրավերում խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջները:
Այնուհետև մրցութային հանձնաժողովի անդամները, առանց փաստացի մրցույթ կազմակերպելու, համայնքի ղեկավարի դրդմամբ կազմել են դրա ընթացքի վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր և մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչել ավագանու անդամի ներկայացրած առաջարկը, որից հետո համայնքի ղեկավարը ավագանու անդամի հետ կնքել է ավտոմեքենայի ձեռքբերման պայմանագիր, ինչի հիման վրա համայնքապետարանի բյուջեից նրան է փոխանցվել առանձնապես խոշոր չափի՝ 9.455.000 ՀՀ դրամ, իսկ 945.000 ՀՀ դրամը փոխանցվել է կենտրոնական գանձապետարան՝ որպես գնված մարդատար ավտոմեքենայի եկամտային հարկի 10 տոկոս վճարում:
Այսպիսով, Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի, ավագանու անդամների, համայնքապետարանի մի շարք աշխատակիցների վերոնշյալ հանցավոր գործողությունների հետևանքով, համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ 20.508.000 ՀՀ դրամի չափով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. այդ միջոցները չեն ուղղվել համայնքի և համայնքի բնակչության իրական կարիքների բավարարմանը և համայնքի զարգացման ծրագրով նախատեսված նպատակների իրականացմանը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Չկալովկա համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ հոդվածի մասով (պաշտոնեական կեղծիքի դրդելը), իսկ ավագանու հինգ անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը):
Նախաքննությունը շարունակվում է: