ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում ստեղծված բարդ իրավիճակում հայտնված հազարավոր քաղաքացիների խնդիրների կարգավորման ուղղությամբ։
Դեսպանությունն այս օրերին շարունակում է աշխատել գերծանրաբեռնված և գերլարված ռեժիմով՝ ինչպես չվերթների կազմակերպման, այնպես էլ առկա պայմաններում հնարավորինս աջակցելով իրենց դիմած քաղաքացիների օթևանի, սննդի ու առաջին օգնության պարագաներով ապահովման, աշխատանքի ու բուժհաստատություններում տեղավորման բազմաթիվ հարցերի կարգավորման ուղղությամբ։
«Ինչպես տեղյակ եք, ապրիլին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել հարյուրավոր քաղաքացիների անվճար վերադարձը Հայաստան, այդ թվում՝ շնորհիվ մեր բարերարների և աջակից կառույցների։
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ կազմակերպվող չվերթները՝ բազմակողմ ծավալուն աշխատանքի հետ մեկտեղ, պահանջում են հսկայական ֆինանսական միջոցներ։
Ելնելով վերոնշյալից՝ տեղեկացնում ենք, որ հաջորդիվ կայանալիք չվերթներին, որոնց մասին ինչպես և նախկինում, կտեղեկացնենք հերթագրված քաղաքացիներին, դեսպանությունը՝ բարերարների և բարեգործական կառույցների աջակցությամբ, հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված սահմանափակ թվով քաղաքացիներին։
Խնդրում ենք բոլոր դիմողներին՝ ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և հաշվի առնել, որ չվերթները լինելու են վճարովի»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ: