Երեկ մահվան ելքով միջադեպ է տեղի ունեցել Գավառում։ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ քաղաքում կրակոցներ են հնչել և երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Դեպքից հետո վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, որոնց վրա հարձակում են գործել քաղաքացիներ՝ ինքնադատաստան տեսնելու նպատակով։ Գավառի բժշկական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ խմբով այցելել են բժշկական կենտրոն՝ տեղում հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել, և բժշկական կենտրոնին ինչ վնասներ են հասցվել, և ինչ արագությամբ է հնարավոր այն վերականգնել:
«Բոլորս գիտենք՝ հիմա ինչ վիճակում է գտնվում առողջապահական համակարգը, և ցանկացած ռեսուրսի կորուստ թե՛ ֆիզիկական, շենքային պայմանների, թե՛ անձնակազմի մասով առավել քան կարևոր են։ Նաև շատ կարևոր է ԲԿ-ների անձնակազմի պաշտպանվածության մակարդակը: Այն, ինչ որ տեղի է ունեցել ու այն, ինչ որ ես տեսա, պարզապես անթույլատրելի է: Որևէ երկրում, որևէ հանգամանքներում այն ավերածությունները, որը ես տեսա տարբեր պալատներում, դռների, պատուհանների, պատերի հետ, կարելի է ասել մի ամբողջ անձնակազմի կողմից հարձակում է բժշկական կենտրոնի վրա, հուսով եմ իրապահ մարմինները կբացահայտեն ու կպարզեն: Իսկ մեր խնդիրը Գավառի ԲԿ-ի աշխատանքը 100 տոկոսով վերականգնելն է հնարավորինս կարճ ժամկետում»,- նշեց Թորոսյանը:
Առողջապահական համակարգի ղեկավարը նշեց նաև, որ բժշկական կենտրոնում անհետաձգելի բժշկական օգնություն է ցուցաբերվում հիվանդներին, և այդ համատեքստում ևս այս արարքը դատապարտելի է:
«Խաթարելով բժշկական կենտրոնի աշխատանքը՝ վտանգի տակ են դրել նաև մնացած բոլոր պացիենտներին, ովքեր այստեղ բուժօգնություն են ստանում: Ես խիստ դատապարտում եմ այս գործողությունները և կոչ եմ անում ազգովի անհանդուրժողականություն ցուցաբերել բռնության նկատմամբ: Բռնությունը տեղ չպետք է ունենա մեր երկրում՝ առավել ևս բժշկական համակարգի հանդեպ, որն իրականացնում է կյանք փրկելու գործառույթ»,- նշեց նախարարը:
Արսեն Թորոսյանը հավելեց, որ այսօր վնասի չափը կգնահատվի, իսկ վաղվանից կսկսեն վերականգնողական աշխատանքները: Թորոսյանը հավելեց, որ բուժանձնակազմից տուժածներ չկա, նաև սարքավորումները չեն տուժել, միայն գույքին է հասցվել վնաս:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Գավառում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն: