Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատված։
Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։ Վերականգնվող կենսական նշանակության ճանապարհներն ընտրվում են սահմանված մեթոդաբանության համաձայն։
Որպեսզի ծրագիրը բավականաչափ տնտեսական օգուտներ ունենա, իրականացվում է ճանապարհների ծախսարդյունավետության տնտեսական վերլուծություն՝ օգտագործելով Մայրուղիների զարգացման և կառավարման մոդելը (HDM-4)։ Տնտեսական վերլուծության արդյունքներով կատարվում է ճանապարհների ընտրությունը՝ կիրառելով հետևյալ ցուցանիշերը՝ տնտեսական չափորոշիչ (տնտեսական ներքին վերադարձելիության նորմա), սոցիալական չափորոշիչներ (շահառու բնակչություն), աղքատության չափորոշիչներ (աղքատ բնակչության տոկոս)‚ ճանապարհի վիճակի հետ կապված չափորոշիչներ (վատ վիճակում գտնվող ցանցի տոկոս)։ Ըստ նշված ցուցանիշների՝ ընտրվում են այն ճանապարհները, որոնք ունեն առաջնահերթության բարձր ինդեքս։
Նշենք‚ որ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման նպատակն է հեշտացնել շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար‚ ինչը նպաստում է նաև գյուղական համայնքների բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։