ՌԴ Հանրային պալատի առաջարկով և մոտ 1 ամիս տևած պայմանավորվածությունների նախնական փուլից հետո ՀՀ Հանրային խորհուրդը և ՌԴ Հանրային պալատը ներկայացնող պատվիրակությունները տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են ստորագրվելիք փոխգործակցության հուշագրի մանրամասներն ու դրանում ամրագրվող հիմնական աշխատանքային ուղղությունները:
Հայկական կողմը հանդիպման ընթացքում ներկայացրել են ՀՀ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ՀԽ անդամներ Արամ Սաֆարյանը և Գագիկ Եգանյանը: Իրենց ելույթներում Հանրային խորհրդի ներկայացուցիչներն ընդգծել են առանցքային այն ուղղությունները, որոնցով այս պահին Հանրային խորհուրդն իրականացնում է խորքային ուսումնասիրություններ, բարեփոխումներ և կարող է արժեքավոր ներդրում ունենալ նաև միջազգային գործընկերներին խորհրդատվություն տրամադրելու հարցում: Մասնավորապես, խոսվել է հետհեղափոխական Հայաստանում հասարակական կարծիքի կարևորման, ինչպես նաև Հանրային խորհրդի՝ որպես սահմանադրական մարմնի, գործառութային շրջանակների ընդլայնման մասին:
Նոր գործիքակազմերի սահմանումն ու պետական կառույցների հետ բովանդակային ու խորքային համագործակցությունն արդեն իսկ տվել են արդյունքներ՝ մշակված կիրառելի փաստաթղթերի տեսքով, սակայն այս համատեքստում առավել կարևորվել է Կառավարության քաղաքական կամքը՝ արժևորելու և վերաիմաստավորելու Հանրային խորհրդի դերը՝ որպես ՀՀ կառավարության խորհրդատվական մարմնի:
Որպես փոխգործակցության հիմնական թեմատիկ ուղղություններ՝ հայկական կողմը շեշտել է, մասնավորապես, ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընթացքում հանրային կառույցների դերի կարևորումն ու համագործակցության խորացումը, ինչպես նաև միգրացիոն տեղաշարժերին առնչվող մի շարք հարցեր: Վերջինն ընդգծվել է հատկապես այն համատեքստում, որ Ռուսաստանի Դաշնությունում հայկական սփյուռքի կողմից ստեղծվող արդյունքների ծավալը, արժեքային և որակական ազդեցությունը ռուսաստանյան և հայաստանյան տնտեսությունների վրա կարևորում են համագործակցության այս ուղղությունը:
Հանդիպման ընթացքում ՌԴ Հանրային պալատը ներկայացնում էին ՀՊ գլխավոր քարտուղարի՝ միջազգային համագործակցության և հանրային դիվանագիտության գծով տեղակալ Սերգեյ Օրջոնիկիձեն և ՀՊ անդամներ Օլգա Գոլիշենկովան և Վլադիմիր Վիննիցկին: Ռուսական կողմը համագործակցության որպես առաջնահերթ ուղղություններ հետաքրքրություն է ներկայացրել մասնավորապես պաշտպանության և անվտանգության հարցերում հանրային 2 կառույցների աշխատանքի և փորձի փոխանակման, ինչպես նաև կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ տնտեսական տեղաշարժերի, առողջապահության, էկոնոմիկայի զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում քաղաքականությունների մշակման և դրանցում հասարակական ոլորտի ազդեցության ուղղություններով: Կարևորվել է հատկապես սոցիալական պատասխանատվությամբ բիզնեսի առաջմղումն ու աջակցությունը պետական քաղաքականությունների մշակման գործընթացներում:
Հանդիպման ավարտին երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել՝ շարունակելու երկխոսությունը համագործակցության հուշագիրը նախապատրաստելու և վերջնական փաստաթղթի մշակման վերաբերյալ, որպեսզի համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո արդեն հնարավոր լինի կազմակերպել գործընկեր պատվիրակությունների երկկողմ պաշտոնական այցերը, վերջնական փաստաթղթի ստորագրումն ու համագործակցության նոր՝ առավել բովանդակային շրջափուլի մեկնարկը: