Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրավիրված մամուլի ասուլիսում ներայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների իրականացման ընթացքը: Նա նշեց, որ առաջին միջոցառումից մեկ ամսում արդեն օգտվել է 284 կազմակերպություն, որոնք ունեն 24,6 միլիարդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկային հայտեր։
Նախարարը հիշեցրեց, որ առաջին միջոցառումն իրականացվում է բանկային համակարգի միջնորդությամբ։ Նպատակն է հրատապ ֆինանսական աջակցություն տրամադրել այն կազմակերպություններին, որոնք մինչև 500 միլիոն դրամ վարկավորման ծրագրերով դիմում են առևտրային բանկերին։ Ընդգծեց, որ այն Կառավարության կողմից 3 ձևով է իրականացվում։
-
Առաջինը վարկերի տոկոսների սուբսիդավորումն է կազմակերպություններին որոշակի ուղղություններով, որոնք նախապես Կառավարության կողմից հաստատված աջակցության ուղղություններն են։ Դրանք են աշխատավարձերի, հարկերի վճարումները, հումքի ձեռքբերումը, կոմունալ վճարները։ Եթե կազմակերպություններն ունեն բավարար ապահովություն, և բանկը համաձայն է կազմակերպությանը տրամադրել վարկային միջոցներ, Կառավարությունը առաջարկում է սուբսիդավորման որոշակի չափ։ Բարձր սուբսիդավորում, եթե միջոցները պետք է օգտագործվեն հարկերի, աշխատավարձերի վճարմանը, և ավելի քիչ, եթե վերաբերում է սարքավորումների հումքի ձեռքբերմանը։
-
Երկրորդ ուղղությունը համաֆինանսավորումն է՝ կախված ծախսային ուղղություններից, որոնցով պետք է օգտագործվեն ստացվող աջակցության միջոցները։ Նախարարը նշեց, որ համաֆինանսավորումը թույլ է տալիս կազմակերպություններին՝ այդ չափով պակաս գրավային ապահովում առաջարկել առևտրային բանկին։ «Կառավարության կողմից համաֆինանսավորված դրամական միջոցների չափով ստանալով անտոկոս վարկային աջակցություն միջին վարկային տոկոսադրույթը լինում է ավելի ցածր քան այն, որ առևտրային բանկի կողմից առաջարկվել է։ Կառավարության աջակցության շնորհիվ հանրագումար վարկային տոկոսաֆդրույքը կարող է նվազել մինչև 6 տոկոս»,- նշեց Խաչատրյանը։
-
Երրորդ ուղղությունն այն է, երբ բանկն ունի վարկավորման վերաբերյալ պատրաստակամություն, իսկ կազմակերպությունը՝ բավարար չափով վարկային ապահովում։ Նախարարը նշեց, որ այդ դեպքում Կառավարության կողմից վերաֆինանսավորումը թույլ է տալիս վարկային միջոցները հասանելի դարձնել առևտրային բանկին և երկու տարվա ժամանակահատվածում ստանալ դրամային վարկավորում։