Խորհրդարանի արտահերթ նիստում այսօր շարունակվում է 2020 թվականի պետական բյուջեում փոփոխությունների օրենսդրական նախագծի քննարկումը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն անդրադարձավ նախագծի վերաբերյալ հնչած հարցադրումներին, որոնց մի մասը վերաբերում էր Ազգային ժողովից որոշակի գործիքակազմ վերցնելու դիտարկմանը։ «Ակնհայտ է, որ նման ռիսկեր չկան։ Կա անկանխատեսելի իրավիճակ, որի շրջանակներում կան սահմանաչափեր, որոնք վերևից զսպում են ախորժակը։ 2․3 տոկոսը, որը բոլորս ընդունել ենք. այդ դեֆիցիտի սահմանաչափը դարձել է 5 տոկոս։ Ակնհայտ է, որ պետք է դառնար, որովհետև այն եկամուտները, որը կանխատեսվում էր, այդ մասով չեն ստացվել։ Ծախսերը նույն պարագայում պահելով, բայց եկամուտները քչացնելով՝ դեֆիցիտը մեծանում է»,- ընդգծեց Մանուկյանը։
Պատգամավորը նշեց, որ այդ դեֆիցիտով սահմանափակված է այն վարքագիծը, որը Կառավարությունը պետք է իրականացնի։ Կա երկրորդ սահմանաչափը, որով 150 միլիարդ դրամի չափով գումար է նախատեսվում։ Տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են միայն 2020 թվականին և 2021 թվականին կրկին վերադառնալու են նախկին գործիքակազմերին։
Հիշեցնենք, որ նախագծով 150 մլրդ դրամանոց փաթեթ է առաջարկվում, որը կմեղմի կորոնավիրուսի հետևանքով ակնկալվող տնտեսական բացասական հետևանքները։ Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ թե ընդհանրապես պետական բյուջեում նախատեսված միջոցառումներին, այլ միայն կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հիվանդության չեզոքացմանն ուղղված միջոցառումներին։