Ազգային ժողովն արտահերթ նիստում վերսկսել է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս հայտարարեց, որ փոփոխությունները կատարվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես համավարակ ճանաչված կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության հետևանքների, տնտեսության տնտեսական չեզոքացման և վերացման նպատակով։
Ըստ Ջանջուղազյանի՝ պատգամավորների մոտ կարծիք կա, թե առաջարկվող նախագծում վերանայվում է ԱԺ-ի իրավասությանը վերապահվող գործառույթների զգալի մասը: Մինչդեռ, ըստ նրա, առաջարկվող փոփոխություններն այլ են՝ խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանրապես պետական բյուջեում նախատեսված միջոցառումներին, այլ միայն կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հիվանդության չեզոքացմանն ուղղված միջոցառումներին։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի, հիվանդության հետևանքների, այդ թվում նաև տնտեսական չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել օրենքի համար 1 և համար 3 հավելվածներում՝ այդ թվում չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգավելու, չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու և օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պակասուրդի ֆինանսավորման ընդհանուր գումարը ոչ ավել, քան վերանայված անվանական արժեքի 6 տրլն 485 մլրդ դրամի 5 տոկոս ավելացնելու եղանակով»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ նախագծի նպատակը համարժեքորեն համավարակի ազդեցությանը հակադրյալներ ստեղծելն է, քանի որ արտաքին շոկերն իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի տնտեսության վրա։
«Առաջարկվում է 150 մլրդ դրամանոց փաթեթ, որտեղ 25-ական մլրդ դրամական բաժանմամբ ենթադրվում է, որ կօգտագործվեն տնտեսական, սոցիալական խնդիրների մեղմման համար։ 80 մլրդ դրամ, ենթադրվում է, որ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար, 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ վերաբաշխելու համար՝ ըստ անհրաժեշտության։ Այս սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիքը գնահատվում է 260 մլրդ դրամ, որովհետև այսպիսի տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է նաև համախառն ներքին արդյունքի մեծության նվազման կանխատեսում։ 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն ակնկալվում է, որ կլինի 6 տրիլիոն 485 մլրդ դրամ։ Համապատասխանաբար, այն կգեներացնի ոչ թե 1 տրիլիոն 602 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչպես կանխատեսվում էր, այլ մոտ 169 մլրդ դրամով պակաս»,- երեկ նախագիծը ներկայացնելիս նշել էր նախարարը։