Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական նախագիծը և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական փաթեթը։
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց, որ նախագծով 2020 թվականի մարտի 16-ից ծագած աշխատանքային հարաբերությունների, վեճերի նկատմամբ կիրառելի են դառնում Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները։
«Իրականում դրանք պետք է ուժի մեջ մտնեին 2021 թվականի հուլիսի 1-ից։ Հնարավորություն է տրվում, որպեսզի արտակարգ իրավիճակներով պայմանավորված ժամանակահատվածում գրավոր ստացված դիմումի հիման վրա տեսչական մարմինն իրականացնի աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն»,- ասաց Տիգրանյանը։ Ընդգծեց՝ չգրանցված աշխատողների բացահայտումն էլ այս պահին իր մասով անում է ՊԵԿ-ը, ինչպես նախատեսված է գործող «Վարչական իրավախախտումների» վերաբերյալ օրենսգրքով։ «Մենք այդ լիազորությունը նաև վերապահեցինք իր լիազորությունների մասով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, բայց այս գործառույթն այն կիրականացնի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն տեսչական մարմնի գործառույթները»,- ասաց պատգամավորը։
Նախատեսվում է նաև միասնական վարքագիծ բոլոր գործատուների համար այն դեպքում, երբ նրանք արտակարգ իրավիճակներում չեն կարողանում հեռավար ձևով կազմակերպել իրենց աշխատողների աշխատանքը։ Նշեց՝ եթե հեռավար կազմակերպում են, ամբողջությամբ վարձատրվում են աշխատողները, իսկ եթե հեռավար աշխատանքը հնարավոր չէ կազմակերպել, ապա աշխատողի պահանջով հնարավորություն է տրվում դիմել գործատուին, եթե նա ունի չօգտագործած արձակուրդ, ապա օգտվի իր այդ իրավունքից։
Տիգրանյանը նշեց, որ հստակեցվել է նաև, որ արտակարգ իրավիճակներով պայմանավորված՝ աշխատանքից ուշացումները գործատուն բոլոր դեպքերում համարի հարգելի բացակայություն, և դա աշխատողի համար չառաջացնի բացասական հետևանքներ։