Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 1-8-ը, տեղեկացնում է փառատոնի Ֆեյսբուքի էջի գրառումը։
«Ոսկե ծիրանի» թիմն այս օրերի ընթացքում ձեռնպահ մնաց հապշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19-ը փառատոնի անցկացման հետ, քանի որ թե՛ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե՛ իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե՛ գործընկեր փառատոների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի:
Այնուամենայնիվ, երկարատև քննարկումների արդյունքում «Ոսկե ծիրանի» թիմն այս պահին նպատակահարմար է համարել փառատոնը անցկացնել ս.թ. նոյեմբերի 1-8-ը:
Իհարկե, այլ սցենարներ ևս առկա են, բայց այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը:
Այս մասին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է նաև փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի: Այս անգամ մենք հուլիսին չենք հանդիպի, բայց հույս ունենք, որ նոյեմբերին կիրականացնենք «Ոսկե ծիրան» տոնը: