ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացնելու երևույթների դեմ հետևողական քրեաիրավական պայքարը:
Մասնավորապես, քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հաստատվել է «Նուբարաշեն» քրեականարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Արմեն Աղաջանյանին առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ 2018թ. մարտի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՀՔԾ-ում հարուցված և քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Իրականացված նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ 2018 թ. մարտի 16-ին՝ ժամը 00:35-ից մինչև 01:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով նույն ՔԿՀ մի խումբ աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել նախնական կալանքի տակ գտնվող Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ 2 աշխատակիցների. անվտանգության ապահովման բաժնի նախկին աշխատակից Ա. Մ.-ին, ում մասով քրեական գործն ուղարկվել է դատարան:
Ավելի վաղ՝ 2018 թ. ապրիլի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա. Հ.-ին, որի մասով դեռևս 2018թ. հուլիսի 11-ին քրեական գործից մաս էր անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Այս մասով 2019 թ. նոյեմբերի 26-ին դատարանը թեև կայացրել էր Ա.Հ.-ի վերաբերյալ մեղադրական դատավճիռ, սակայն վերավորակել էր 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր ճանաչել 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ և համաներման ակտի կիրառման հիմքով ազատ արձակել դատարանի դահլիճից:
Մեղադրող դատախազը, անհիմն համարելով առաջին ատյանի դատարանի կողմից առաջադրված մեղադրանքի վերաորակումը, ինչի արդյունքում ամբաստանյալն ազատվել է կատարած հանցագործության համար ռեալ ազատազրկման ձևով պատիժ կրելուց, դատավճռի դեմ բերել է վերաքննիչ բողոք, որն ընդունվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթ:
Միաժամանակ, նույն քրեական գործով նախաքննական մարմնի կողմից 2020 թ. ապրիլի 8-ին համաներման մասին օրենքի ընդունման հիմքով «Նուբարաշեն» ՔԿՀ ևս երկու աշխատակիցների՝ Հ. Ն.-ի և Յ. Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել:
Բացի վերոնշյալը, ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի շենքում 2017 թ. հոկտեմբերի 4-ին Ժորա Սիմոնյանին խոշտանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, որով ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գ. Մարդանյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել էր հանցակազմի բացակայության հիմքով արդարացման դատավճիռ: Դրա դեմ ևս մեղադրող դատախազի և տուժողի ներկայացուցչի կողմից բերվել էր վերաքննիչ բողոք: Քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ մասնակի բավարարել է բողոքը, Գ. Մարդանյանի վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Հիշեցնենք, որ 2019 թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվել է 146 քրեական գործ: Քննված 5 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ մեղադրանքով, ուղարկվել է դատարան, ինչը գրեթե կրկնակի ավելի է 2018 թ. համեմատությամբ: