Ազգային ժողովի արտահերթ նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի փոփոխությունների օրենսդրական նախագծում 260 մլրդ դրամի ներգրավմանը, նշեց․ «260 միլիարդը վերաբերում է այն մեծությանը, որը առաջարկվող նախագծով նախատեսվում է որպես հնարավորություն տալ կառավարությանը՝ պարտք ներգրավելու»։
Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ 324 մլրդ պակասուրդ է լինում, քանի որ կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի անկմամբ պայմանավորված մոտ 169 մլրդ դրամի չափով հարկային եկամուտներից ցածր ցուցանիշ՝ 2020 թ. բյուջով նախատեսվածից։ Ընդգծեց, որ դրանով հանդերձ ծախսերի մասը պահպանվում է գրեթե նույն չափով՝ մոտ 5 մլրդ դրամով պակաս, քան բյուջեով նախատեսված է։ «Այն հանգեցնում է 324 մլրդ դրամ պակասուրդի։ Անհրաժեշտ է 260 մլրդ ներգրավել, որովհետև գործող նախատեսված բյուջեով 161 մլրդ դրամ է նախատեսված պակասուրդի մեծություն»,- ասաց նախարարը։
Ջանջուղազյանն ընդգծեց, որ 150 մլրդ դրամանոց փաթեթից մոտ 80 մլրդ դրամը, ակնկալվում է՝ կօգտագործվի տնտեսության խթանման համար՝ երկարաժամկետ հեռանկարի նպատակով։ Ֆինանսների նախարարը հայտնեց, որ այս միջոցների օգտագործումը, կանխատեսվում է՝ կիրականացվի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում՝ որպես բյուջեով մասնակցություն այս կամ այն ծրագրին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2020 թվականի պետական բյուջեի փոփոխությունների օրենսդրական նախագիծը։ Նպատակը համարժեքորեն համավարակի ազդեցությանը նախադրյալներ ստեղծելն է, քանի որ արտաքին շոկերն իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի տնտեսության վրա։