Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառված վնասը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ խոսնակ Մանե Գևորգյանը:
«ՀՀ Կառավարության ունեցած տվյալներով՝ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը:
Ինչ վերաբերում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ Կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի միջև վեճ է ծագել, և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:
Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները:
Ասեմ նաև, որ վարչապետը մի քանի անգամ, այդ թվում՝ հրապարակային, դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների:
Նշեմ նաև, որ Կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով»,- գրել է Մ.Գևորգյանը: