Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում քաղաքացու հետ հերթական զրույցի ժամանակ անդրադարձավ «կոմունալ ճգնաժամին»։ Վարչապետը նշեց, որ երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացավ այս ճգնաժամը, պարզ էր, որ բազմաթիվ մարդիկ իրենց սոցիալական վիճակից ելնելով չեն կարողանալու վճարել կոմունալ վարձերը։ Իսկ երբ իրենք հայտարարեցին, որ կոմունալ վարձերը չտալու դեպքում անջատումներ չեն լինելու, դրանից սկսեցին օգտվել ոչ թե նրանք, ովքեր իսկապես չեն կարողանում վճարել, այլ նրանք, ովքեր կարող են, բայց չեն ուզում վճարել։
«Այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, ովքեր իրոք հնարավորություն չունեն, այլև սկսեցին չվճարեն նրանք, ովքեր հնարավորություն ունեն։ Երբ մենք 10 օր առաջ նայում էինք, թե ովքեր չեն վճարել, տեսնում էինք, որ հարուստ մարդիկ չեն վճարում։ Այստեղ առաջանում է հետևյալ խնդիրը, որ փաստորեն բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը չեն կարողանում վճարել իրենց արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել մատակարարողներին և աշխատողներին, չեն կարողանում վճարել հարկեր, և դրա արդյունքում առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակներ ու նպաստներ։ Բայց ամենակարևոր ռիսկը՝ համակարգը կարող է քանդվել։ Ոչ թե կարող է խոսք գնալ, որ 1000, 5000 բաժանորդի էլէկտրաէներգիան անջատեն, այլ կարող է խոսք գնալ, որ երկրում էներգետիկ համակարգը չաշխատի»,- նշեց վարաչապետը՝ հավելելով, որ, օրինակ՝ ՀէՑ-ը պետության ամենախոշոր հարկատուներից մեկն է։
Վարչապետը նշեց, որ ոչ թե ընտրությունը մի քանի հազար բաժանորդի հոսանք անջատել-չանջատելու մեջ է, այլ ընտրությունը երկրում հոսանք լինելու կամ չլինելու մեջ է։ Եվ ճգնաժամի պայմաններից մեկն էլ այն է, որ մի խնդիրը լուծելն առաջացնում է մեկ այլ խնդիր՝ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ թույլ են տվել մատակարարող ընկերություններին կոշտացնել իրենց դիրքորոշումը։
«Մի քանի օրվա ընթացքում մոտ 7 միլիարդ դրամ վճարումներ եղան համակարգում, սրանով մենք համակարգը փրկեցինք կոլապսից։ Այսինքն՝ առնվազն բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, ասել են՝ դե լավ, որ չեն անջատելու, չվճարենք։ Ընդ որում, հազարավոր այնպիսի մարդիկ, որոնք խոշոր բաժանորդ են և անապահով սոցիալական խմբերին չեն պատկանում։ Այսօր ունենք հետևյալ վիճակագրությունը. Հայաստանում կա 775 հազար ՀԷՑ-ի բաժանորդ, 623 հազար գազի բաժանորդ։ 4300 բաժանորդների հոսանքն է անջատվել և 736 գազի բաժանորդների գազը։ Ընդ որում՝ էլեկտրական հոսանքի պարագայում բոլոր անջատվածների պարտքը կազմում է 30 հազար դրամ և ավելի, իսկ գազի բաժանորդների դեպքում՝ 80 հազար և ավելի։ Մենք կանգնել էինք մի խնդրի առաջ, որ երկրի էներգետիկ համակարգը կանգնել էր կոլապսի առաջ»,- նշեց վարչապետը։
Վարչապետը նշեց, որ պետք է անջատել բոլոր այն բաժանորդների հոսանքի ու գազի մատակարարումը, որոնք հնարավորություն ունեն, բայց չեն վճարում։ Վարչապետը հավելեց, որ նպատակն է օգնել մարդկանց, որոնք ունեն սոցիալական պրոբլեմ և չեն կարողանում վճարել։ Վարչապետն ասաց, որ շահարկումները, թե դուք եք հայտարարել, ճիշտ չէ, քանի որ իրենք հայտարարել են, բայց դա արտակարգ դրության առաջին ամսում էր, երբ կարծում էին, թե մեկ ամիս է տևելու արտակարգ դրությունը, և մեկ ամիս անց մարդիկ կանցնեն իրենց բնականոն գործունեությանը։
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մեկ տարի՝ մինչև մյուս տարվա մարտ, կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու։ Եվ եթե մենք ասենք, որ այդ ընթացքում մարդիկ կարող են կոմունալները չվճարել, նույնն է, թե ասենք, որ երկրում հոսանք չի լինելու։ 11-րդ և 12-րդ ծրագրի շահառուների հոսանքը չի անջատվել։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում տեղորոշել բոլոր իրական կարիքավորներին։ Իմ առաջին գործը օպերատիվ մարտահրավերներին արձագանքելն է։ Ես հասկանում եմ, որ բոլորս էլ տուժելու ենք։ Բայց իմ խնդիրն այն է, որ հնարավորինս քիչ տուժենք։ Բոլորդ պատրաստվեք, որ մինչև մյուս տարի կորոնավիրուսը լինելու է։ Պետք է սովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրել հնարավորինս բնականոն պայմաններով»,-նշեց վարչապետը։