Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովան և խնդրել աջակցել ՌԴ քաղաքացի՝ ազգությամբ հայ երիտասարդի՝ Հայաստան մուտքի հարցում:
Հանձնակատարը տեղեկացրել է, որ իրեն դիմած քաղաքացու ընտանիքի անդամները՝ կինը և երկու անչափահաս երեխաները, 2019 թվականի հոկտեմբերից գտնվում են Հայաստանում և ընտանեկան խնդիրներով պայմանավորված՝ երեխաներին և կնոջը խիստ անհրաժեշտ է ընտանիքի հոր ներկայությունը Հայաստանում:
Տատյանա Մերզլյակովան նշել է նաև, որ քաղաքացին պատրաստակամություն է հայտնել Հայաստան տեղափոխվել Ռուսաստանի Դաշնությունից մեկնող առաջիկա չվերթով, այդուհանդերձ, ունի մտավախություն, որ արտակարգ դրության պայմաններում քաղաքացիության հիմքով իր մուտքը ՀՀ տարածք կարգելվի:
Բարձրացված հարցի առնչությամբ հրատապության կարգով գրություն է հասցեագրվել պարետին:
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի լուծման նպատակով համագործակցել է Եկատերինբուրգում ՀՀ պատվո հյուպատոսի և պարետի հետ։
Համագործակցության արդյունքում, հաշվի առնելով գործի հանգամանքները, ազգությամբ հայ՝ ՌԴ քաղաքացին ժամանել է Հայաստան։