Մարտի 1-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը մի շարք ապրանքատեսակների գների և պաշարների մոնիթորինգ է իրականացնում՝ տեղեկանում ենք գերատեսչության Ֆեյսբուքի էջից։
111 ապրանքատեսակների մասով դիտանցումներ են իրականացվում 6 առևտրային ցանցերում:
24 ապրանքախմբերի մասով տեղեկատվություն է հավաքվում 60 ներմուծող և արտադրող տնտեսավարող սուբյեկտներից:
7 դեղատնային ցանցերից տեղեկատվություն է հավաքվում ախտահանիչ միջոցների, դիմակների, բժշկական սպիրտի, ձեռնոցների, 4 ախտահանիչ միջոցներ արտադրող տնտեսավարողներից ՝ ախտահանիչ միջոցների մասով:
ՀՀ բոլոր մարզպետարանների կողմից տեղեկատվություն է ներկայացվում մարզային խոշոր առևտրային օբյեկտներում 35 ապրանքատեսակների մասով իրականացված դիտանցումների վերաբերյալ:
Հավաքված տվյալների ամբողջ բազան ուսումնասիրվում է, գնային փոփոխություններ արձանագրելու դեպքում կատարվում են անհրաժեշտ համեմատություններ և համադրումներ, տնտեսավարողներից պահանջվում են հիմնավորումներ, հնարավոր խախտման դեպքերի առնչությամբ հարուցվում են վարչական վարույթներ:
Ուշադրություն. Շուկայում գների կարգավորման, վերահսկման կամ գնաճի զսպման գործառույթ հանձնաժողովը չունի:
ՏՄՊՊՀ-ի աշխատանքները նպատակ ունեն վեր հանել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումները, մասնավորապես՝ հակամրցակցային համաձայնությունները, գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումները, այդ թվում՝արհեստական պակասուրդի ստեղծման կամ պահպանման դեպքերը:
Մոնիթորինգի ընթացիկ արդյունքներին և հանձնաժողովի գործունեությանը կարող եք ծանոթանալ ՀՀ ՏՄՊՊՀ-ի պաշտոնական կայքում՝ www.competition.am։