Խորհրդարանում այսօր քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է պետական կառավարման համակարգի և կառավարչական իրավահարաբերությունների համատեքստում հստակեցնել պարետի և պարետատան դերը, պարետի կողմից ընդունվող ակտերի բնույթը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ միայն վարչապետն ու փոխվարչապետը կարող են լինել պարետ, իսկ, օրինակ՝ ԱԻ նախարարը չի կարող լինել։
Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ Սահմանադրության համաձայն՝ ոլորտների համակարգումն իրականացնում է վարչապետը կամ նրա հանձնարարությամբ փոխվարչապետը։ Արտակարգ դրությունը, ըստ փոխնախարարի, ենթադրում է տարբեր ոլորտների համակարգում։
«Կառավարության անդամը, որևէ նախարար, օրինակ՝ եթե նշանակվեր արտակարգ դրության պարետ, պետք է իր հերթին համակարգեր այլ ոլորտներ, որն ըստ Սահմանադրության իր ենթակայության տակ չի գտնվել։ Այսպիսի ռիսկերից խուսափելու համար մենք նախատեսել ենք վարչապետ և փոխվարչապետ»,- ասաց փոխնախարարը։
Էդմոն Մարուքյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք այդ փաթեթով օրինականացվո՞ւմ է մինչ այսօր պարետի որշումները: Մարուքյանի խոսքով՝ պարետը նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավունք չուներ, բայց ընդունել է: «Հիմա ասում եք, որ անցումային դրույթներով հետադարձ ուժով դրանք գործում են»,- նշեց պատգամավորը։
Արդարադատության փոխնախարարը պարզաբանեց, որ իրավաչափ ակտեր չեն ընդունվել։ Ընդգծեց, որ Սահմանադրությունը, միջազգային փորձը նախատեսում են ակտեր ընդունելու հնարավորություն, իսկ իրենք հիմա օրենսդրական կարգավորումներով ավելի են հստակեցնում այդ ամենը։
«Ազատ տեղաշարժի սահմանափակումը նախատեսված է Կառավարության որոշմամբ, իսկ վարչական արձանագրությունները և տուգանքները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, որը խորհրդարանն է ընդունել,- նշեց փոխնախարարը։