Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է 2020 թվականի պետական բյուջեի փոփոխությունների օրենսդրական նախագիծը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ այո, պոպուլիզմ է այն, ինչ առաջարկվում է։ Ընդգծեց, որ պոպուլիզմ է այն, երբ լայն մասսաներին ասվում է ամենահեշտ լուծումը, որն ամենադուրեկանն է։ Սիմոնյանն ընդգծեց, որ այսօր գումարներ տրամադրելու, բաժանելու ուղղությամբ 14 ծրագիր է գործում։ 48 միլիարդ դրամ այսօր տրամադրվում է մարդկանց։ Նշեց՝ այն վերաբերում է մոտ մի քանի հարյուր հազար մարդու։
«Այսօր այն, ինչ առաջարկվում է, արվում է այն տրամաբանությամբ, որը պետությունը գտնում է ճիշտ՝ գնահատելով իր ռիսկերը, գումարները, հնարավորությունները, ժամանակահատվածը, որը կա»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Նա նաև նշեց՝ ասվում է կառավարություն եք՝ կանխատեսեք, բայց այդ ո՞ր կառավարությունն է աշխարհում այսօր կարողանում կորոնավիրուս կանխատեսել։ Սիմոնյանն ընդգծեց, որ ճգնաժամը վերաբերում է բոլորին, և միասին պետք է հաղթահարվեն բոլոր խնդիրները։
ԱԺ փոխնախագահը նշեց, որ պոպուլիզմ է նաև, երբ քաղաքական կուսակցության կողմից իմանում են, թե կառավարությունը նախապես ինչ ծրագիր է անում, և ասում են, որ պետք է այսպես անել։ Նշեց՝ վերջում էլ ասում են, թե՝ տեսա՞ք, ես ասեցի՝ արեցին։ Սիմոնյանը նշեց՝ դա կլասիկ քաղաքական գործչի համար լուրջ չէ։