Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» փոփոխությունների օրենսդրական նախագիծը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի իրավական համակարգը պատրաստ չէր այնպիսի մարտահրավերի, ինչպիսին համավարակն է, ուստի՝ առաջ է եկել օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն:
Գրիգորյանի խոսքով, օրինագծով պետական կառավարման համակարգի և կառավարչական իրավահարաբերությունների համատեքստում առաջարկվում է հստակեցնել պարետի և պարետատան դերը, պարետի կողմից ընդունվող ակտերի բնույթը։ Սահմանվել է, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ վարչապետը կամ փոխվարչապետը կարող են հանդես գալ որպես պարետ։ Կարող են իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը ապահովող ուժերի, միջոցների միասնական ղեկավարումը։ Միջոցառումներին կարող են ներգրավել նաև այլ պետական մարմինների:
«Նախագծով սահմանվել է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում պարետը կարող է ընդունել ակտեր, համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, այդ թվում նաև՝ ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր»,- տեղեկացրեց փոխնախարարը։
Օպերատիվ արձագանքելու անհրաժեշտությունից ելնելով հստակեցվել են որոշ միջոցառումներ։ Օրինակ՝ ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման սահմանափակումները, տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ուղևորների քանակի նորմավորումը և այլն։ Նախատեսվել է նաև համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության սահմանափակում՝ համաճարակը կանխելու նպատակով։
«Անձնական ազատության իրավունքը կարող է սահմանփակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների տված գրավոր կամ բանավոր կարգադրությամբ։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքն այս առումով սահմանում է երաշխիք, որ բանավոր վարչական ակտը հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է հետագա գրավոր ձևակերպման»,- շեշտեց Գրիգորյանը։
Նախատեսվել է նաև միջոցառումների հստակեցում, կառավարության կողմից աջակցություն տալու հնարավորությունը։ Անցումային դրույթներով էլ հստակեցվել է, որ պարետը և պարետատունը շարունակելու են գործել արդեն նոր կարգավորումների տրամաբանությամբ։ Պարետի կողմից ընդունված ակտերը կշարունակեն գործել որպես փոխվարչապետի համապատասխան իրավական ակտեր։