Ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի տղամարդ Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի ծառեր է հատում։ Տեղեկությունների օպերատիվ իրացման արդյունքում Կուրթան գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին։
Նրա «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան էլ, որը բեռնված է եղել մոտ 3 խորանարդ մետր փայտանյութով, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ենթարկվածը մի քանի ժամվա ընթացքում Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի հատել է 60-ից ավելի տարբեր տեսակի և չափի ծառ, որոնց կոճղերը դեպքի վայրի զննությամբ մատնացույց է արել։ Բենզասղոցը հայտնաբերվել և առգրավվել է։ Փայտանյութը հանձնվել է անտառտնտեսությանը։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Վնասի չափը քննությամբ պարզվում է։