Վրաստանի ՆԳՆ-ն ԱՄՆ Արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ կասեցրել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամների գործունեությունը Բաթումում: Խումբը փորձել է վրացական տարածքով Եվրոպա տեղափոխել հերոինի մեծ քանակություն:
«Համատեղ միջոցառումների ընթացքում ձերբակալվել է Բուլղարիայի երկու քաղաքացի, առգրավվել են մինչև 40 կգ թմրամիջոց՝ հերոին»,- հայտնել է Ինտերֆաքսը՝ մեջբերելով Վրաստանի ՆԳՆ զեկույցը:
Հետաքննությամբ պարզվել է, որ Բուլղարիայի ձերբակալված քաղաքացիները թմրանյութերը Հայաստանից Վրաստան են ներկրել մեքենաների միջոցով, հետագայում Եվրոպա տեղափոխելու համար:
Առգրավված թմրամիջոցների արժեքը, ըստ մասնագետների, կազմում է 2 միլիոն դոլար, իսկ ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: