ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է 2019-2020 ուսումնական տարվա ավարտական քննություններին՝ տեղեկացնելով, որ դրանք չեն անցկացվի:
«Դպրոցներում ավարտական 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, նրանց հնարավորություն է տրվում ընտրել՝ կա՛մ պահպանել քննության արդյունքը, կա՛մ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական։ Ամփոփումը կատարվում և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը»,- տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարը։
Նա նշեց, որ ամփոփումը տեղի է ունենալու մինչև մարտի 13-ի գնահատականների տվյալներով։ Բոլոր նրանք, ովքեր նախորդ տարի քննություն են հանձնել, նրանց հնարավորություն է տրվելու այս կիսամյակային քննության տրամաբանությամբ ընտրել կամ այս գնահատականը, կամ մյուս։
«Քոլեջների և ուսումնարանների ավարտական, դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություններ չեն իրակաանցվում։ Ամփոփումը կատարվում է ինչպես դպրոցական ավարտականների դեպքում։ Եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքում։ Ամփոփումը կատարվում, և դիպլոմները տրվում են մինչև հունիսի 5-ը»,- ասաց Հարությունյանը։
Նախարարն ընդգծեց, որ ավարտականների դեպքում կար շատ կարևոր անվտանգային խնդիր՝ զորակոչը, և գործողություններն այն տրամաբանությամբ են կայացվել, որ որևէ կերպ չխոչընդոտեն զորակոչին ու խնդիրներ չստեղծեն։ Հետևաբար, մի շարք որոշումներ կայացվել են հենց այդ տրամաբանությամբ։
«Բուհերում ավարտական քննությունների իրականացման ձևն ընտրում են առանձին բուհերը, իրենց ինքնավարության սահմաններում, պահպանելով համավարակի կանխարգելման ուղղությամբ նախատեսված ընդհանուր կանոնները և մինչև հուլիսի 1-ը գործընթացն ամփոփելու պահանջը»,- ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի մեդալի համար քննություններ չեն իրակաանցվելու, սակայն այս տարվա հավակնորդներին հնարավորություն է տրվելու մասնակցել հաջորդ ուսումնական տարվա մեդալի քննություններին։