Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր ներկայացրել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման մեջ իրականացված փոփոխությունները:
«Նախկինում պնդում էինք, որ յուրաքանչյուր ՓՄՁ-ի, որը դիմում է այս ծրագրին, անցյալ տարվա յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է լինի ավելի փոքր, քան ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսը։ Դիմումների արդյունքում տեսանք, որ մի շարք կազմակերպություններ, հատկապես՝ տուրիստական և սեզոնային աշխատանքների, այս ֆիլտրի պատճառով դուրս են մնում, և որոշեցինք փոփոխություն կատարել նաև այստեղ»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ այժմ 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է լինի ավել, քան ամբողջ տարվա շրջանառության 70 տոկոսը։ Ընդգծեց՝ վարկային և հարկային բարվոք պատմությունը հիմնական պայմանն է, բայց փոփոխություն է եղել նաև հարկային պատմության ֆիլտրում։
«Եթե նախկինում ասվում էր, որ նախորդ 365 օրերի ընթացքում հարկերի բռնագանձման շուրջ վարույթ չպետք է ունենա, այստեղ ևս տեսանք, որ մի շարք ընկերություններ տեխնիկական պատճառներով ֆիլտրին չեն կարողանում համապատասխանել, և խիստ է սահմանված։ Ներկա փոփոխությամբ սահմանվել է, որ եթե կազմակերպությունը չի բավարարում այս պայմանին, բայց դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, ապա կարող է մասնակցել։ Այն կազմակերպությունները, որոնք մասնակցում են դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկային հարկային արտավորություններ չունենալու սկզբունքով, վճարում են մեկ տոկոս վարկի տրամադրման վճար»,- տեղեկացրեց Նարիա Մարգարյանը։
Տվյալ պայմաններին բավարարող կազմակերպությունները կարող են օգտվել վարկային արժույթներից ՀՀ դրամով՝ 36 ամիս ժամկետով, որից առաջին 6 ամիսը վարկային մարում չի նախատեսում։ Առաջին երկու տարիներն անվճար է, իսկ վերջին տարում՝ 12 տոկոս տոկոսադրույքով։
«Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարողացել են բավարարել հարկային առաջին ֆիլտրը, վարույթ չեն ունեցել՝ բոլորովին անվճար կստանան, իսկ այն կազմակերպությունները, որոնք բավարարում են երկրորդ ֆիլտրին և դեկտեմբերի 31-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն՝ 1 տոկոս վճար կգանձվի»,- ասաց նախարարի տեղակալը։։
Մարգարյանն ընդգծեց, որ գումարները տրամադրվում են կոնկրետ ծախսեր իրականացնելու համար՝ աշխատավարձ, համայնքի բյուջե, հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ, հումքի գնում կամ ներմուծում, հանրային ծառայությունների վճարում և վարձակալական վճարներ։ Նախարարի տեղակալը նշեց, որ այս ուղղություններով մարտի 1-ից հետո կատարված ծախսերը ևս կարող են հատուցվել տվյալ վարկային միջոցներից։
Հիշեցրեց, որ 3-րդ միջոցառումն ուղղված է փոքր և միջին ձեռնարկություններին, որոնց 2019 թվականի շրջանառությունը կազմել է 24-ից 500 միլիոն դրամ։ Այն տրվում է կազմակերպություններին, որոնք ներկայացնում են մշակող արդյունաբերության, հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, սպասարկման այլ ծառայությունների, առողջապահության ոլորտները։ Ցանկը դիմումների վերլուծության ընթացքում ընդլայնվել է, և ներառվել են այլ ոլորտներ՝ նախադպրոցական կրթություն՝ մասնավոր մանկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեություն, սպորտային ակումբներ,լողավազաններ, զվարճությունների կազմակերպման այլ գործունեություն՝ բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետային ակումբների, շենքերի շինարարություն, քաղաքացիների քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն։