Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ անդրադարձավ ապրիլի 24-ի միջոցառումներին: Վարչապետն ընդգծեց, որ երբ մոտենում էր Հայոց ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցը, իսկ միևնույն ժամանակ երկրում կար համավարակի տարածում, խնդիր կար, թե ինչպես է հնարավոր արգելել ՀՀ քաղաքացիներին բարձրանալ Ծիծեռնակաբերդ։ Մյուս կողմից էլ խնդիր կար, թե ինչպես կարելի է թույլ տալ, իմանալով, որ դրա հետևանքով օրական ոչ թե մի քանի, այլ տասնյակ կորոնավիրուսային վարակման դեպք է լինելու։ Որոշվեց ճգնաժամը որպես հնարավորություն օգտագործել։
«Մենք խնդիր դրեցինք՝ եթե այսպիսի սահմանափակումներ ունենք, ուրեմն մեր միտքն օգտագործելով՝ այնպես պետք է կազմակերպենք այդ միջոցառումները, որ նույնիսկ ավելի տեսանելի լինի՝ ազգային հզոր ուղերձների ընդգծման առումով։ Մեր մասին պատմությունը պատմեցինք առանց աղաղակի, մենք շատ ուժեղ ոգեկոչեցինք՝ տեսանելի ու լսելի, բայց առանց ողբի»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց, որ ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից։ Ասաց՝ համոզված է, որ այդ հայացքը, կերպարը բոլորին շատ դուր եկավ, քանի որ ազգային ինքնության մասին պատմելու քաղաքակրթական նոր նշաձող սահմանվեց։.
«Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և հակադրեցինք այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ, որովհետև ոմանք չեն խորշել ազգային միջոցառումների տակ նաև որոշակի ատկատներ ապահովել։ Այո, մենք ցույց տվեցինք կոնտրաստը ազգային ինքնության մեր ընկալման, մեր Կառավարության, հեղափոխության գաղափարախոսության ընկալումը։ Ցույց տվեցինք ազգային ինքնության, հայի տեսակի ընկալումը, և այո այդ ընկալումը մենք հակադրում ենք մինչև այժմ եղած շատ ընկալումներին»,- նշեց վարչապետը։