Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվեց 2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին հաղորդումը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ աշխատանքը եղել է գերծանրաբեռնված։ Եթե 2015 թվականին ստացվել է 5000-ից ավելի բողոք, 2016-ին՝ նույնպես, ապա 2019-ին այդ թիվը կազմել 13 140։ «Սա նշանակում է, որ նախորդ մի քանի տարվա համեմատ գրեթե երեք անգամ բողոքների աճ կա»,- նշեց Արման Թաթոյանը։ Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ 5-6 անգամ ավելացել է նաև զանգերի թիվը:
Թաթոյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող միջազգային անկախ հանձնախումբը 2019 թվականին վերջնականապես վերահաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կարգավիճակը։ Հանձնախմբի հրապարակած դիրքորոշման մեջ հատուկ նշվում է, որ կարևոր ձեռքբերումներից է զգայուն հարցերի վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության օբյեկտիվ, հրապարակային դիրքորոշումները։
«2019 թվականին հրապարակվեցին ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, որոնց համաձայն՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ունի 63 տոկոս վստահություն բնակչության շրջանում: «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» վերջերս հրապարակած զեկույցի համաձայն՝ ամենաչկոռումպացված մարմինը՝ հասարակության ընկալման աստիճանով, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն է»,- ասաց Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ զեկույցում մանրամասն ներկայացված են լրատվամիջոցների հետ կապված խնդիրները, լրագրողի կողմից չափանիշների ամրագրումը։
Արման Թաթոյանը նշեց, որ լրագրողի աշխատանքի հետ կապված կան որոշակի կարծրատիպեր, թե լրագրողը խոչընդոտում է, օրինակ, ինչ-որ մարմնի աշխատանքը և պետք է լրագրողի հետ աշխատելու ճիշտ սկզբունք որդեգրել մեր երկրում։ Ընդգծեց, որ փաստաբանների աշխատանքի հարցը նույնպես կարևոր է, քանի որ այն երբեմն նույնացվում է վստահորդի հետ։
Նշեց նաև, որ հավաքների ազատության հետ կապված կան ձեռքբերումներ, բայց երկրում համակարգային առումով շարունակվում է չլուծված մնալ բերման ենթարկելու մեխանիզմը, երբ հավաքների ժամանակ փողոցից մարդուն տանում են։ Ասաց, որ պետք է հստակ ներկայացվի քաղաքացուն, թե ինչու են նրան ազատությունից զրկում։ Պաշտպանի խոսքով՝ կան նաև խնդիրներ քրեական արդարադատության համակարգում։ «Քրեական արդարադատության համակարգում նախաքննության այսքան մեծ ծանրությունը պետք է փոքրացվի։ Դրա առաջին քայլը կլինի նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը»,- նշեց Թաթոյանը։
ՄԻՊ-ը նաև ներկայացրեց, որ անմեղության կանխավարկածի հետ կապված՝ նախաքննության մարմինը իրավունք ունի հրապարակել տվյալներ։ Նշեց, որ դա նորմալ է, բայց կան բողոքներ, որ նախաքննության մարմինը հրապարակում է այնքան տվյալ, որքան իրեն է անհրաժեշտ։ Ընդգծեց, որ այդ եղանակով անմեղության կանխավարկածը կարող է խախտվել, և պետք է զգույշ լինել, որ չարաշահում այդ առումով չլինի, ու հստակ լինեն հրապարակման չափանիշները։