Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և նրա գործընկերների հայտարարության՝ ՔՈՎԻԴ-19 համաճարակով պայմանավորված ինքնամեկուսացման օրերին, միլիոնավոր երեխաներ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, քանի որ նրանք ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում առցանց։
«Կորոնավիրուսի համաճարակը հանգեցրել է համակարգիչների կամ այլ սարքերի էկրանների առջև անցկացրած ժամանակի աննախադեպ աճի»,- նշել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության գործադիր տնօրեն Հովարդ Թեյլորը (Howard Taylor): Դպրոցների փակումը և վիրուսի տարածումը զսպելու խիստ միջոցառումները նշանակում են, որ ավելի ու ավելի շատ ընտանիքներ ապավինում են տեխնոլոգիային և թվային լուծումներին, որպեսզի երեխաները կարողանան սովորել, զվարճանալ կամ ինչ-որ բանով զբաղվել և շփվել արտաքին աշխարհի հետ։ Սակայն ոչ բոլոր երեխաներն ունեն անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և միջոցներ համացանցում իրենց անվտանգությունն ապահովելու համար»:
Աշխարհի դպրոցների փակումից տուժել է ավելի քան 1,5 միլիարդ երեխա և երիտասարդ: Նրանցից շատերն այժմ ավելի շատ կրթվում են առցանց հարթակների միջոցով և շփվում համացանցում: Վիրտուալ հարթակների վրա ծախսված ժամանակի ավելացումը կարող է երեխաներին ավելի խոցելի դարձնել սեռական շահագործման նկատմամբ, մեծացնել անչափահասներին սիրահետելու հավանականությունը, քանի որ համացանցային «գիշատիչները» օգտագործում են ՔՈՎԻԴ-19 համաճարակը իրենց սեփական նկատառումներով:
Ընկերների և գործընկերների հետ անձնական կապի բացակայությունը կարող է ռիսկեր մեծացնել, ինչպես օրինակ՝ սեքսուալ լուսանկարներ ուղարկելն է, իսկ համացանցում անցկացվող անվերահսկելի ժամանակի ավելացումը կարող է ձեր երեխաներին վտանգի տակ դնել՝ մեծացնելով պոտենցիալ վնասակար նյութերի հասանելիությունն ու կիբերբուլիինգի ենթարկվելու ռիսկերը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների՝ «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության, Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU), ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ), ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) և WePROTECT գլոբալ դաշինքի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային մանկության հիմնադրամի (ԱՄՆ) հետ միասին նոր ուղեցույց է հրապարակել, որը կոչված է խրախուսելու կառավարություններին, ՏՀՏ ձեռնարկություններին, մանկավարժներին և ծնողներին զգոն լինել, հրատապ քայլեր ձեռնարկել հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի երեխաների առցանց կյանքն ու փորձառությունն անվտանգ ու դրական լինի ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում:
«ՔՈՎԻԴ-19-ի պատճառով միլիոնավոր երեխաների կյանքեր ժամանակավորապես սահմանափակվել են իրենց տներում և իրենց էլեկտրոնային սարքերի էկրաններով: Մենք պետք է օգնենք նրանց՝ նավարկել այս նոր իրականության հորձանուտում»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Մենք կոչ ենք անում կառավարություններին և ՏՏ ոլորտի ձեռնարկություններին՝ միավորել ուժերը` անվտանգության ուժեղացված լուծումներով ու նոր գործիքներով երեխաների և երիտասարդության անվտանգությունն առցանց ապահովելու համար, որպեսզի ծնողներն ու մանկավարժներն իրենց երեխաներին սովորեցնեն, թե ինչպես անվտանգ օգտվել համացանցից»,- ասել է նա: