ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք կհրաժարվեն վերադառնալ աշխատանքի՝ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում իրենց առողջության հետ կապված մտահոգությունների պատճառով, գործազրկության նպաստներ չեն ստանա: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով մի շարք պաշտոնատար անձանց և փորձագետների հայտարարությունները:
Երկրի բնակիչները ստիպված կլինեն այս խնդրի առաջ կանգնել արդեն հենց ընթացիկ շաբաթում, քանի որ ԱՄՆ մի շարք նահանգների իշխանություններ սկսել են միջոցներ ձեռնարկել կարանտինի պատճառով կաթվածահար եղած տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ: Օրինակ՝ Ջորջիայի նահանգապետի որոշման համաձայն՝ վարսահարդարման, մատնահարդարման և դաջվածքների սրահները կբացվեն մայիսի 1-ին, իսկ ռեստորանները կսկսեն այցելուներ ընդունել մայիսի 4-ից:
Էմորի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Սմիթն անընդունելի է համարել կորոնավիրուսի պայմաններում գործազրկության նպաստի վերաբերյալ նահանգների օրենքները, քանի որ դրանք մարդկանց դրդում են ռիսկի ենթարկել իրենց կյանքը: