Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ կալանքների կիրառության պրակտիկայում կան դրական զարգացումներ՝ միջնորդությունների թիվը նվազել է։ «2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձություններից առաջ մենք ունեինք կալանքների մեծ թիվ, ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո՝ փոքր թիվ, բայց օրենսդրությունը նույնն է։ Հետևաբար մենք պետք է մեր օրենսդրությունն օր առաջ փոխենք, որպեսզի ունենանք ինստիտուցիոնալ հիմքեր։ Շատ լավ է, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում այդ իրավիճակը փոխվեց։ Հիմա պետք է դա ամրապնդել ինստիտուցիոնալ հիմքերով»,- ասաց Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ նաև խոշտանգումների կանխարգելմանը՝ նշելով, որ պետք է նոր չափանիշներ սահմանվեն։ Ընդգծեց, որ քրեակատարողական համակարգում ավելի արագ տեմպերով պետք է անցում լինի պատժողական բնույթից վերականգնողական բնույթի։ «Այսօր մեր քրեակատարողական համակարգը մեծ հաշվով մնում է պատժողական բնույթի։ Սրա մասին վկայում են մշտադիտարկումները։ Քրեակատարողական հիմնարկներում իրականում պետք է ներդրվի անձի նկատմամբ վստահության կանխավարկածի գաղափարը»,- նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ այն պահից, երբ դատապարտյալը մուտք գործեց քրեակատարողական հիմնարկ, նրան պետք է սկսել նախապատրաստել ազատ արձակման։ Մարդու համար հստակ, կանխատեսելի պետք է լինի այն ճանապարհը, որով նա քայլելու է, և որը նրան տանելու է ազատման։
«2019 թվականի տվյալները վկայում են, որ պայմանական վաղաժամկետ ազատման հարցի վերաբերյալ դիմում է ներկայացրել 1138 դատապարտյալ, և ազատվել է 212-ը, ընդամենը՝ 19 տոկոսը»,- նշեց Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը, անդրադառնալով կանանց իրավունքներին, նշեց, որ կան կարծրատիպեր, և պետք է ընդունել, որ կինը հավասար իրավատեր մարդ է։ Պաշտպանը նշեց, որ համամասնությունը, իհարկե, համեմատելի չէ, բայց ընտանիքում բռնության ենթարկվելու հետ կապված ահազանգեր ստանում են նաև տղամարդկանցից։ Ասաց՝ կանխարգելման միջոցառումները պետք է բոլորին վերաբերեն։
Թաթոյանն անդրադարձավ նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին՝ ասելով, որ պետք է սկզբունքային մի շարք լուծումներ լինեն։ Օրինակ՝ նրանց պետք է ինքնուրույն անկախ կյանք վարելու հմտություններ սովորեցնել դեռ փոքրուց։