ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է հրապարակումները առողջապահության նախարար Ալեքս Ազարի հնարավոր պաշտոնանկության մասին:
Ավելի վաղ Politico թերթը հաղորդել էր, որ Սպիտակ տունը փնտրում է Ազարին փոխարինող և նույնիսկ նշել էր նախարարի պաշտոնում ենթադրյալ թեկնածուների անունները:
Անցած շաբաթ Wall Street Journal-ը հոդված էր հրապարակել Ազարի բազմաթիվ ենթադրյալ սխալ հաշվարկների վերաբերյալ: Նա, իբր, մինչև մարտ ամիսը հավաստիացրել է նախագահ Դոնալդ Թրամփին, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկելի է: Որոշ լրատվամիջոցներ, սակայն, մեղադրում էին Թրամփին՝ պնդելով, որ Ազարը հունվարին նախազգուշացրել է նախագահին բռնկմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին, բայց նա չի լսել: