Ընդունելության քննություններում տեղի կունենա ընթացակարգի փոփոխություն՝ այսօր հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարի խոսքով՝ մասնակիցները ընդունելության քննությունների հայտերը հանձնել են մինչև մարտի 15-ը, և քանի որ տեղի է ունենալու ընթացակարգի փոփոխություն, անհրաժեշտ է հայտերի ճշգրտման և փոփոխության ժամանակ տալ թե՛ արդեն հայտագրվածներին, և թե նախորդ տարիների շրջանավարտներին, նաև այն դիմորդներին, որոնք նպատակադրվել էին դիմել այլ բուհեր, որոնց քնությունները անորոշ ժամանակով հետաձգվել են։
«Ընդ որում՝ առաջարկվում է միավորել քննությունների հայտագրման գործընթացը բուհեր դիմելու դիմում-հայտերի լրացման գործընթացի հետ՝ ունենալով մեկ պրոցես։ Մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրվելու մինչև հունիսի 15-ը։ Դիմորդները միաժամանակ կընտրեն թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը։ Մինչև մարտի 15-ը մի քանի քննության համար հայտարարագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները՝ փոխանցման միջոցով։ Այսինքն՝ մեկ քննություն է հանձնվելու։ Մինչև մայիսի 30-ը կասենք, թե որ մասնագիտությունից որն է լինելու միակ և հիմնական քննության առարկան։
Սա արեցիք, քանի որ ցանկացանք, որ ոչ միայն ատեստատներով ընդունելությունը լինի, այլև անպայման փորձենք գիտելիքները ստուգել։ Անելու ենք մեկ քննություն։ Քննական կենտրոններ լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ»,- նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի ընդունելության քննությունները լինելու են հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ տեղեկացրեց, որ մայիսի 25-ից, երբ կսկսվի հայտագրման գործընթացը, հայտերի ընդունումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Դիմորդները կկարողանան հայտագրվել միաժամանակ և միասնական քննության համար՝ միաժամանակ ներկայացնելով դիմում-հայտը բուհերի ու մասնագիտությունների համար։
Մագիստրատուրայում ընդունելության կարգով ժամկետներ էին սահմաված հունիսի 5-20-ը, հիմա առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-ից 30-ը, արդյունքներն էլ ամփոփել մինչև հուլիսի 5-ը։
Ասպիրանտուրայում ընդունելության գործընթացի մասով առաջարկվում է կասեցնել մրցութային չհամարվող օտար լեզվի և ինֆորմատիկայի՝ տեղեկատվական-հաղորդակցական հիմունքներից ստացած միավորը հավաստող վկայականի և կամ տեղեկանքի ներկայացման պահանջը։ Հիմա առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, արդյունքներն էլ ամփոփել մինչև հուլիսի 5-ը։
Քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը կկազմակերպվի օգոստոսին՝ հիմնականում ատեստատների գնահատականներով։ Բացառություն է արվեստի և առողջապահական հաստատությունների դեպքում, որտեղ կիրականացվի մեկական քննություն՝ ինչպես բուհերում։