Երեխաներն այս տարի այլևս դպրոց չեն գնա, տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով ուսումնական տարվա ավարտի և ընդունելության գործընթացի մասին: Նա նշեց, որ հեռավար կրթությունն ընդհանուր առմաբ գոհացուցիչ արդյունք ունեցավ, և տարին հեռավար կրթությամբ էլ կավարտվի:
«Նախատեսում ենք, որ հաջորդ ուսումնական տարում կունենանք շաբաթ օրերին պահուստային օրեր, նաև քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը, բայց դա կախված է մայիսի ամփոփումից։
Այս շաբաթն անհրաժեշտ է մեզ՝ հասկանալու, թե ինչ ենք բաց թողել։ Այն աշակերտների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով հետ են ընկել և ամբողջությամբ չեն կարողացել նյութը մարսել, դրանք կլինեն պահուստային օրեր, որոնք ուսուցիչներին թույլ կտան այդ խնդիրը լուծել»,- նշեց նախարարը:
Դպրոցում փոխադրական քննություններին անդրադառնալիս նախարարը նշեց, որ դրանք տեղի չեն ունենա չորրորդ, և իններորդ դասարանի ավարտին։
«Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, դրանք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվում ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում։ Փոխադրումը կլինի նույն ձևով»,- տեղեկացրեց նախարարը։