«Ազգային ասելով՝ ավելի քան 25 տարի ազգին թշվառացրել են, թալանել են և դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո։ Ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք ազգային կարգախոսների ներքո, այդ թվում շահարկելով թեկուզ փաստացի ազգին իրենց մատուցած մի շարք ծառայություններ, համարել են լեգիտիմություն՝ ազգին թալանելու, գումարներ լվանալու»,-Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծելով, որ ապրիլի 24-ի այս տարվա միջոցառումները ցույց տվեցին ազգայինի ընկալումը՝ այն հակադրելով մինչև այժմ եղած շատ ընկալումներին։
Վարչապետը հույս հայտնեց, որ եկող տարի արդեն երթով բոլորը կբարձրանան Ծիծեռնակաբերդ, իսկ այս տարվա ապրիլի 24-ի կազմակերպչական փորձը կօգտագործվի, որպեսզի միջոցառումներն ամեն տարվա հետ լինեն ավելի տպավորիչ։
Ապրիլ 24-ի միջոցառումները Փաշինյանն աննախադեպ համարեց: Այն բարձր մակարդակով կազմակերպելու, մտածվածն իրականություն դարձնելու համար շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմին, ԱԳՆ-ին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, Երևանի քաղաքապետարանին, ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, պետական կոլեկտիվներին, անհատ կատարողներին և մի շարք ընկերությունների, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել։
«Երբ ապրիլի 24-ի միջոցառումը սկսվել էր, ես լարված հետևում էի՝ տեսնելու, թե ինչպես է ամեն ինչ ընթանում, բայց արձանագրեցի, որ այդ հեռուստատեսային պրոցեսն ինձ ուղղակի ներքաշեց, կլանեց և մինչև գիշերվա 4-ն անց հետևել եմ եթերին։ Առավոտյան արթնացել, միացրել եմ և շարունակությունը նույնպես դիտել եմ։ Դա բացառիկ միջոցառում էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, որոնք ըմբռնումով մոտեցան Կառավարության որոշմանը, և ընդգծեց՝ կարողացանք ինքներս մեր մասին պատմելու, հարգելու նոր քաղաքակրթական նշաձող սահմանել և արձանագրեցինք գործնականում, թե ինչ է նշանակում ճգնաժամը որպես հնարավորություն։