Երևանի Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ կրկին վնաս է հասցվել Երևանի կանաչապատ տարածքներին՝ կատարելով ծառերի հերթական գողությունը։
«Մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ջանում է վերականգնել մայրաքաղաքի երբեմնի կանաչապատ տարածքները, Երևանի բնության «սիրահարները» ոչնչացնում են տնկիները: Այս անգամ գողություն է կատարվել Դավիթաշեն, Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջաններից՝ Դավիթաշենից՝ 2 բուդլիա տեսակի թուփ, Աջափնյակից՝ 1 հուդայածառ, 6 սիրիական վարդ, Արաբկիրից՝ 500 հատ կիպրոսենի, 11 բրգաձև գիհի: Սա անպատժելիության հետևանք է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մաշտոց-Ամիրյան և Մաշտոց-Խորենացի խաչմերուկներից գողացել էին կիպարիս տեսակի 4 ծառ: Վնասվել էր նաև հինգերորդը, որը, հավանաբար, չէին հասցրել տանել: Այնուհետև կայարանամերձ կանաչ տարածքից արմատախիլ էին արել և տարել թույա տեսակի 8 ծառ: Վերջերս էլ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են նախորդ օրը տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը:
Նշենք, որ գողացած տեսակները տեղափոխման և պահպանման հատուկ եղանակներ ունեն: Այսինքն՝ գողացողը դրանք չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման:
Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին: Նախորդ գողությունների առնչությամբ ՀՈԱԿ-ը դիմել էր ոստիկանություն»,- ասված է ՀՈԱԿ-ի գրառման մեջ: