Աշխարհն այսօր բոլոր ռեսուրսները ներդրել է Covid-19-ի դեմ պայքարի համար, սակայն համաճարակից հետո երկրագնդին սպառնում են բնական մարտահրավերներ: Օդերևութաբանները և միջազգային կազմակերպությունները զգուշացնում են, որ 2020-ին կլինեն հրդեհներ, ջրհեղեղներ, բերքի պակասություն և մորեխների ներխուժում: Բնական աղետների պատճառով աղքատ երկրներին սպառնում է սով, հումանիտար աղետ, իսկ հարուստ պետություններին՝ երաշտ, ջրհեղեղներ, փոթորիկներ:
Ըստ մասնագետների՝ կորոնավիրուսը փոխեց կյանքը մոլորակի վրա, բայց չվերացրեց աշխարհին սպառնացող վտանգը՝ գլոբալ տաքացումը, ինչը հաճախակի է դարձրել բնական աղետները: Ըստ Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Դանիելա Շմիդտի՝ համաճարակը միայն սահմանափակեց կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու պետությունների հնարավորությունը: