Լևոն Մնացականյանը, որը 2015-2018 թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը, այսօր ԱԺ-ում պատասխանել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հարցերին։ Նիստից հետո Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անկեղծ ու անմիջական զրույց է եղել հանձնաժողովում։
Պատասխանելով հարցին, թե Ապրիլյան քառօրյայի ժամանակ թերություններ եղե՞լ են, որոնք կարող էին էապես ազդել պատերազմի ընթացքի վրա, Մնացականյանը նշեց, որ ՊԲ-ն կատարել է իր առջև այդ ժամանակ դրված խնդիրը և հաղթել է։
«Միանշանակ, Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է։ Իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, այնքան անելիքներն ավելի շատ են»,- նշեց Ապրիլյան պատերազմի ժամանակ ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մնացականյանը։
Ճակատագրական սխալների մասին խոսք լինել չի կարող, քանի որ խնդիրը կատարել ենք՝ ասաց Մնացականյանն ու նշեց, որ Ապրիլյան քառօրյայի ընթացքում՝ ապրիլի 2-ից մինչև 5-ը, եղել է 75 զոհ։
«Ապրիլյան քառօրյայի ընթացքում 100-ից ավելի զոհ չի եղել, ապրիլի 2-ից մինչև 5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել»,- նշեց Մնացականյանը։
Մնացականյանը բացառեց ներքին դավադրության տեսությունն ու նշեց, որ հայկական կողմի տարածքային կորուստները ոչ թե 800, այլ շուրջ 400 հեկտար են կազմում։