Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարեց 2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների մեկնարկը՝ կոչ անելով առաջադրել մարդասերների, որոնք ոգեշնչում են իրենց գործողություններով և անձնուրաց պայքար մղում մարդկանց կյանքը փրկելու համար: Այս տարի անհնար է չկարևորել նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարողներին:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակի առաջադրումների մեկնարկին այս տարի ներկայացվում է նաև առաջադրումների հատուկ ձև այն թեկնածուների համար, որոնք անձնվիրաբար պայքարում են նոր կորոնավիրուսի դեմ:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն ստեղծվել է՝ ճանաչման արժանացնելու մերօրյա հերոսներին և մեծարելու նրանց այն բացառիկ ազդեցության համար, որ իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվում է 1.000.000 դոլար պարգև, որը բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների մեկնարկը հայտարարվեց «ԱՎՐՈՐԱՆ՝ աշխարհին դաշնակից» առցանց հատուկ քննարկմանը, որը նվիրված էր նրանց հիշատակին, որոնք նահատակվեցին մեկ դար առաջ, և մերօրյա հերոսների մեծարմանը: Միջոցառումը տեղի ունեցավ 2020 թ. ապրիլի 24-ին՝ մեկ հարթակում միավորելով նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին և Ռուբեն Վարդանյանին, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզիին, «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր և «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր (2016թ.) Մարգարիտ Բարանկիցեին: Քննարկման ընթացքում ներկայացվեցին նաև 2020թ. «Ավրորայի» հերոսները:
2021 թ. մրցանակի առաջադրումները բաց են հանրության համար, կարող են առաջադրվել թեկնածուներ, որոնք մարդկային կյանքը պահպանելու համար վտանգում են սեփական կյանքը, առողջությունը, ազատությունը, հեղինակությունը: Առցանց առաջադրվելուց հետո թեկնածուներին գնահատում է Փորձագետների խորհուրդը (2020 թ. այն բաղկացած էր 50 անդամներից), իսկ «Ավրորայի» հերոսներին և դափնեկրին ընտրում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը:
Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, որի կազմում են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին,Լեյմա Գբովեն և Օսկար Արյասը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ և Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն և IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական և գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։
Առաջադրման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ այցելելով «Ավրորա» մրցանակի կայքի «Առաջադրիր հիմա» ենթաբաժին: 2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը մեկնարկեց 2020 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, և կավարտվի 2020 թ․ հոկտեմբերի 31-ին: