ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խոշոր խաղատան գործունությունը կարող է դադարեցվել։ Հրապարակային ծանուցումների Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ ֆինանսների նախարարությունը քննարկում է Ծառուկյանին պատկանող խաղատանը տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։
«Ազդարարից» տեղեկանում ենք, որ այս հարցի քննարկումը սկսվել է ապրիլի 15-ին, սակայն ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը երկու անգամ՝ վերջինը ապրիլի 23-ին կայացած նիստում, որոշել է «Օնիրա քլաբին» տրված ԽՏ-001 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկումը հետաձգել մինչ ապրիլի 30։
«Շանգրի լա» խաղատունը ՀՀ-ում խաղատնային լիցենզիա ստացած 4 խաղացողներից մեկն է և, ըստ էության, ամենախոշորը։ «Շանգրի լա» ապրանքանիշի սեփականատերը Storm international խաղատնային խոշոր ընկերությունն է։ «Շանգրի լա»-ն հիմնվել է 2014-ին, այն Երևանին ամենամոտ խաղատունն է՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին։ Կառուցված է 13.6 հեկտար տարածքի վրա։ Խաղատուն այցելողների թվի մասին տեղեկատվություն առկա չէ, Կառավարությունը, սակայն, 2014-ին հայտնել էր, որ խաղատան կառուցման ներդրումային ծրագիրը գնահատվում է ավելի քան 150 միլիոն դոլար։
«Օնիրա քլաբը» «Շանգրի լա» խաղատունը շահագործող իրավաբանական անձն է և մտնում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ։ «Օնիրա քլաբը» նաև «Փարավոն» ռեստորանը շահագործող ընկերությունն է։ Խաղատնային բիզնեսում վճարած հարկերի թվով «Օնիրա քլաբը» առաջատար է, սակայն քանի որ ընկերությանը բացի «Շանգրի լա»-ից պատկանում է նաև «Փարավոն» համալիրը, դժվար է այնտեղից միայն խաղատնային հարկերը առանձնացնել։
2019-ին «Օնիրա քլաբը» վճարել է 5 միլիարդ 206 միլիոն դրամ հարկ, 2018-ին՝ 4 միլիարդ 820 միլիոն, 2017-ին՝ 4 միլիարդ 741 միլիոն դրամ։
«Շանգրի լա»-ի կազմակերպիչ «Օնիրա քլաբն» ունի երեք բաժնետեր: Խոշոր բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ կոնցեռնը»։ Մարտի 23-ին Ծառուկյանը, խորհրդարանում անդրադառնալով տնտեսական ու սոցիալական ճգնաժամին, պատասխանելով լրագրողների հարցին, ասել էր՝ պետությունը պետք է և՛ «Շանգրի լա»-ի հարկերը վճարի, և՛ աշխատողների աշխատավարձը։ Ծառուկյանը հայտնել էր նաև, որ «Շանգրի լա»-ի կառավարիչները արտասահմանցիներ են, սակայն ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության գլխավոր տնօրենը Տարոն Մանուկյանն է։
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց՝ «Օնիրա քլաբի» խաղատնային լիցենզիայի վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում։ «Դա հավատարմագրային կառավարման հանձնված բիզնես է։ Անկեղծ ասած, քանի որ հիմա «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորված է, չգիտեմ դեպի ուր ուղղորդեմ ձեզ»,- ասաց Տոնոյանը։
Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը, խոսելով ֆիննախի համապատասխան հանձնաժողովում գտնվող այս հարցի մասին, ասաց՝ որևէ մեկնաբանություն չեն կարող անել վարույթի վերաբերյալ մինչ դրա ավարտը: «Քանի որ վարույթն ընթացքի մեջ է, մենք տեղեկություն չենք կարող հրապարակել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ չեն կարող տեղեկություն տրամադրել անգամ այն մասին՝ ում նախաձեռնությամբ է սկսվել վարույթը։