Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ կիրառված բռնության անթույլատրելիությանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Ցանկացած պարագայում է դատապարտելի բռնությունը, որ ըստ հրապարակումների՝ կիրառվել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ:
Քանի որ Սեդա Սաֆարյանը կասկած ունի, որ դեպքը կարող է կապված լինել իր մասնագիտական գործունեության հետ, ապա այս հարցը պետք է լինի քրեական վարույթով առաջնահերթ պարզելու ենթակա հարց։ Դա կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։
Երեկ տիկին Սաֆարյանի հետ չստացվեց խոսել. այսօր նորից կկապվեմ։ Հարցը քննարկել եմ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ»:
Հիշեցնենք, որ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը 1lurer.am-ին հայտնել էր, որ Երևանի Մուշ թաղամասում տեղի ունեցած ծեծի վերաբերյալ ապրիլի 24-ի գիշերը հաղորդում է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Ընթանում է քննություն:
«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ հաստատել էր տեղեկությունը, որ երեկ ուշ երեկոյան հարձակում է տեղի ունեցել իր դստեր, փեսայի, նրա քրոջ ու ծնողների վրա։
Սեդա Սաֆարյանը, նկատի ունենալով իրենց ընտանիքի հետ տեղի ունեցած այլ միջադեպեր, ամենևին չի բացառում, որ հետապնդման թիրախում են։ Հարցին, թե որպես հանրային ուշադրության կենտրոնում գտնվող «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, արդյոք անհրաժեշտ չէ՞ պաշտպանության հատուկ միջոցի կիրառում, Սեդա Սաֆարյանը պատասխանեց՝ դեպքերը վկայում են հենց դրա մասին։