Դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը 1lurer.am-ի հետ զրույցում կիսվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում եղանակային անբարենպաստ պայմաններում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աննախադեպ համերգի ու իր ստացած տպավորությունների մասին։
Անցյալ տարի ապրիլին այցելեցի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Մի ներքին, բայց շատ ուժեղ զգացողություն ունեի․ այնպես ցանկացա հնարավորություն ունենալ կատարել հուշահամալիրում՝ արտահայտելու իմ հոգու ցավը, պատմական անարդարության նկատմամբ իմ ցասումը։
Դրեցի մի մեխակ, բայց անբավարարության ու ինչ-որ բան անելու զգացումը ինձ երկար հանգիստ չէր տալիս։ Անցավ մոտ մեկ տարի։ Առաջարկը մոտ մեկ շաբաթ առաջ ստացա, շատ պատահական, ԿԳՄՍ նախարարության կողմից։
Իմ կյանքի սկզբունքներից մեկը՝ երբեք որևէ բան հարկադրաբար առաջ չտանել է, ես սիրում եմ ուղղակի աշխատել ու ստեղծագործել, մնացածը թողնում եմ՝ կյանքը որոշի։
Ու կարծես կյանքն ընդառաջ եկավ իմ ցանկությանը, զգացի մեծ պատասխանատվություն, բայց սիրտս, նույնիսկ բուն կատարման ժամանակ, այնքան վշտով էր համակված։ Փորձեցի չբռնանալ զգացողություններիս վրա և ուղղակի նվագիս միջոցով փոխանցել այն, ինչ զգում էի։
Դեռ ապրիլի 23-ին երկար մտածում էի նվագացանկի մասին, օրվա խորհրդի, այն պաշտոնյաների մասին, որոնց երթը պետք է ուղեկցվեր իմ կատարումներով: Այս հարցում, գաղափարական առումով ինձ մեծ օժանդակություն ցուցաբերեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Պետք է շեշտեմ, որ ինձ՝ իբրև արվեստագետի, շատ հաճելի էր, որ ստեղծագործությունների ընտրության հարցում ցուցաբերվում էր թեմատիկ օժանդակություն, սակայն կար փոխվստահության միջավայր, և ինքս ստանձնեցի օրվա խորհրդին համահունչ նվագացանկը։
Ելույթից հետո դաշնակահարը գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր իրեն ամենից շատ տրվող հարցին։
«Այսօր ինձ բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Գիտե՞ք, անընդհատ մի միտք էր ծագում նվագելիս․ Աստված իմ, բա ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին… Բոլոր կատարումներս նվիրում եմ նրանց հիշատակին՝ որպես երախտիք ու խոնարհում»,- գրել էր Մելիքյանը։Подробнее: https://shabat.am/am/article/224716/Nvagelis-mtatsum-ei--te-inchpes
Հայկ Մելիքյանը Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկն է, ով վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է՝ Premio Valentino Bucchi, Ibla Grand Prize, Yvar Mikhashoff Trust for New Music, Օռլեանի միջազգային մրցույթ և այլն: Համաշխարհային ժամանակակից երաժշտության հանրահռչակման համար 2012 թ. Մոսկվայի կոմպոզիտորների տան անունից դաշնակահարին շնորհվել է ոսկե մեդալ: 2013 թ. Հայկ Մելիքյանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: