ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆոռնիայից ընտրված կոնգրեսական Զոի Լոֆգրեմն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ու հարգել 1.5 միլիոն հայերի հիշատակը:
«Ամեն տարի ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների ու ամբողջ աշխարհի հայերը հիշատակի տուրք են մատուցում Օսմանյան կայսրության օրոք համակարգված կոտորածի զոհ դարձած հայերին: Ցեղասպանությունը գագաթնակետին հասավ 1915 թվականին: Այս տարի նշվում է այդ սարսափելու դեպքերի ժամանակ 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների կոտորածի 105-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից հայերի հետապնդումներն ու սպանությունները հանցանք են մարդկության դեմ: Այս տարի նշվում է ոչ միայն զոհերի հիշատակի 105-րդ տարելիցը, այլև՝ Թուրքիայի կառավարությանը կոչ է արվում դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը: Ես հպարտ եմ, որ անցյալ տարի կողմ եմ քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ Կոնգրեսի բանաձևին: Այժմ ԱՄՆ Կոնգրեսն այս հարցում պատմության իրական կողմում է: Եվ վաղուց արդեն ժամանակն է, որ Թուրքիան վերջ դնի Հայոց ցեղասպանության ժխտմանը»: