«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ հաստատեց տեղեկությունը, որ երեկ ուշ երեկոյան հարձակում է տեղի ունեցել իր դստեր, փեսայի, նրա քրոջ ու ծնողների վրա։
Ըստ Սեդա Սաֆարյանի՝ փեսայի ձեռքն է կոտրվել, դուստրն այժմ ունի սուր գլխացավ, փեսայի քրոջ ականջն է վնասվել․
«Երեկ երեկոյան՝ ժամը 23։00-23:30-ին, իմ դստեր տան դարպասների մոտ լսվել են հայհոյանքներ։ Ամուսինը դուրս է եկել տնից և տեսել՝ 6 հոգի են, հարցրել է՝ ինչու են հայհոյում, մարդիկ քնած են։ Առանց պատասխանի՝ մեկը խփել է փեսայիս ու փախել, մյուսները վրա են տվել»։
Ապա, ըստ փաստաբանի, հարվածել են նաև իր դստերն ու փեսայի քրոջը։ Սեդա Սաֆարյանը հայտնեց, որ այսօր եղբոր՝ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ գնացել են ոստիկանություն՝ պահանջելով պարզաբանումներ։
Սեդա Սաֆարյանը, նկատի ունենալով իրենց ընտանիքի հետ տեղի ունեցած այլ միջադեպեր, ամենևին չի բացառում, որ հետապնդման թիրախում են։ Հարցին, թե որպես հանրային ուշադրության կենտրոնում գտնվող «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, արդյոք անհրաժեշտ չէ՞ պաշտպանության հատուկ միջոցի կիրառում, Սեդա Սաֆարյանը պատասխանեց՝ դեպքերը վկայում են հենց դրա մասին։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ հայտնեց, որ Երևանի Մուշ թաղամասում տեղի ունեցած ծեծի վերաբերյալ գիշերը հաղորդում է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Այս պահին դեպքի հանգամանքները ոստիկանությունը պարզում է, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Ընթանում է քննություն: