Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը կոշտ ուղերձ է հղել Թուրքիային՝ պետությանն անվանելով խայտառակություն ժողովրդավարության համար:
«Այս տարի ևս մենք ոգեկոչել ենք 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցը: Միաժամանակ՝ ոգեկոչել ենք 1.5 միլիոն անմեղ զոհերին, որոնք սպանվել են մարդկության դեմ գործած ամենասարսափելի հանցանքի ժամանակ»:
Հունաստանի նախկին նախագահն անդրադարձել է հայերի և հույների հարաբերություններին ու բարեկամությանը:
«Հայաստանն ու Հունաստանը սերտ բարեկամական հարաբերություններ են ունեցել: Տասնամյակներ շարունակ մշտապես գործակցել են՝ պաշտպանելով խորհրդանշական սկզբունքներն ու արժեքները, հատկապես՝ խաղաղության, մարդու հիմնարար իրավունքների, արդարադատության, և, մասնավորապես, սոցիալական արդարադատության սկզբունքները: Հայաստանի ու Հունաստանի միջև այս անկեղծ բարեկամությունն ու սերտ գործակցությունը հիմնված են այն չարչարանքների ու նահատակության վրա, որ մեր երկու ժողովուրդներն էլ վերապրել են: Սրանք պահեր են, որ երբեք չպետք է մոռանանք ոչ այն պատճառով, որ մենք մեզ ոչնչացնողների դեմ վրեժխնդրության զգացում ունենք, այլ այն պատճառով, որ այս հիշողությունները ոգեշնչում են մեզ և հավերժ ուղղորդում մեզ դեպի մարդասիրական սկզբունքներին ծառայելուն՝ «Այլևս երբեք»:
Հունաստանի նախկին նախագահը հայտնել է, որ Թուրքիայի շահերից է բխում մարդկության դեմ գործած հանցանքի՝ հայերի և հույների դեմ իրականացրած ոճրագործության համար ներողություն խնդրելը: Նա նշել է՝ որքան Թուրքիան շարունակում է խեղաթյուրել պատմությունն ու կոծկել այդ անասելի բարբարոսությունը, այնքան շատ է արհամարհում մարդուն և նրա արժեքները: Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի խոսքով՝ սա խայտառակություն ու անպատվություն է ժողովրդավարության ու մշակույթի համար: