Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մեզ՝ հայերիս, մեր պատմությանն ու Հայոց ցեղասպանությանը։ Հախնազարյանը հույս է հայտնել, որ կգա մի օր, երբ թուրք ժողովուրդն ու Թուրքիայի կառավարությունը կճանաչեն Հայոց ցեղասպանությունը և ներողություն կխնդրեն, և մենք կգտնենք տեղ մեր սրտերում՝ ներելու համար։
«Ես Նարեկ Հախնազարյանն եմ, իսկ ես հայ եմ։ Շատ հպարտ եմ դրանով։ Պատմելով ազգիս մասին՝ կբացատրեմ՝ ինչու։
Հայերն աշխարհի հնագույն ազգերից մեկն են: Մենք առաջին ազգն ենք, որ 301 թ. քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Մենք կառուցեցինք առաջին քրիստոնեական եկեղեցիները: Հայերը հազարավոր տարիներ առաջ հայտնաբերեցին գինեգործության տեխնոլոգիան, և մենք կիսեցինք դրանով աշխարհի հետ: Աշխարհի ամենագեղեցիկ երաժշտական գործիքներից մեկը՝ դուդուկը, հայկական է և պատրաստվում է ծիրանենուց։ Իսկ ծիրանը Հայաստանի խորհրդանշանը հանդիսացող պտուղներից մեկն է։ Նույնիսկ լատիներենով ծիրանը թարգմանում է որպես հայկական սալոր։ Հայաստանն աշխարհին է տվել է բազմաթիվ մեծ գրողներ, բանաստեղծներ, երաժիշտներ, գիտնականներ, գյուտարարներ, մարզիկներ: Մեր առօրյայում շատ բաներ ենք օգտագործում, որոնք ստեղծել են հայերը, և որոշ գյուտեր նույնիսկ փրկում են մեր կյանքը, օրինակ՝ ՄՌՏ սարքը, որի հեղինակը նույնպես հայ է։ Հազարավոր տարիներ առաջ թվագրված առաջին քարտեզների վրա կարող եք գտնել Հայաստանը՝ Բաբելոնի և Ասորեստանի կողքին: Բայց Բաբելոնը և Ասորեստանը ոչնչացել են, իսկ մենք այստեղ ենք՝ հազարավոր տարիների ընթացքում կերտելով մեր պատմությունն ու մշակույթը: Մեր մայրաքաղաքը՝ Երևանը, աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է, այն 2800 տարեկան է։
Բայց 105 տարի առաջ մեր կյանքն ու մեր պատմությունը փոխվեցին հավերժ։ 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ մարդկության դեմ ուղղված առաջին հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Մեկուկես միլիոն հայ կին, երեխաներ և տարեց մարդիկ սպանվեցին, բռնաբարվեցին: Ես հավատում եմ, որ դժվար է աշխարհում գտնել որևէ հայի, որ Ցեղասպանությունը վերապրածների սերունդ չլինի, և ես բացառություն չեմ: Մեծ պապս 8 տարեկան էր, երբ նրա ամբողջ ընտանիքին՝ ծնողներին, եղբայրներին ու քույրերին, թոնրի մեջ ողջ-ողջ այրել են: Թուրքերն աներևակայելի հանցագործություն գործեցին։
Տարիներ անց Ադոլֆ Հիտլերն ասաց. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։ Եվ դա նրա արդարացումն էր Հոլոքոստը սկսելիս:
Բայց նա սխալ էր:
Հիշում ենք ու երբեք չենք մոռանա: Չնայած որպես քրիստոնյա ազգ՝ մենք մեծացել ենք ներման ավանդույթներով: Բայց ներելու համար հարկավոր է լսել ներողությունը և տեսնել արված հանցագործության ճանաչումը: Մինչ օրս Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այն պատերազմ է անվանում։ Բայց երբ մինչ ատամները զինված բանակը սպանում ու բռնաբարում է անմեղ ու անպաշտպան կանանց ու երեխաների, դա պատերազմ չէ, դա «մարդկանց մեծ խմբի, հատկապես որոշակի ազգի կամ էթնիկ խմբի ներկայացուցիչների կանխամտածված սպանություն է»՝ ցեղասպանություն։ Բայց որքան էլ նրանք փորձեն վերջ տալ հայ ժողովրդին, մենք, միևնույն է՝ այստեղ ենք։ Ինչ-որ մեկը մի անգամ ասել է, որ դուք կարող եք սպանել մեզ, դուք կարող եք այրել մեզ, դուք կարող եք փորձել ոչնչացնել մեզ, բայց հենց երկու հայ հանդիպեն ինչ-որ տեղ աշխարհում, նրանք կստեղծեն նոր Հայաստան: Իսկ մենք նոր Հայաստան ենք։
Ես հավատում եմ, որ Թուրքիայում շատ մարդիկ կան, որ տեղյակ են իրենց երկրի իրական պատմությունից և ցավում են, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար: Բայց հուսով եմ, որ կգա մի օր, երբ Թուրքիայի ժողովուրդն ու կառավարությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և կասի «ներողություն», և մենք, որքան էլ անհնար է մոռանալ նման հանցագործությունը մեր նախնիների դեմ, վստահ եմ՝ մեր սրտերում տեղ կգտնենք ներելու համար։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ճանաչած բոլոր երկրներին՝ Ֆրանսիային, Ռուսաստանին, Գերմանիային, Ավստրիային, Բելգիային, Ուրուգվային, Վենեսուելային և մյուս երկրներին: Շնորհակալությո՛ւն: Կարծում եմ, որ միայն ճանաչելով և ընդունելով մեր անցյալի հանցագործություններն ու սխալները՝ մենք կարող ենք ապահովել պայծառ ու անվտանգ ապագա։
Այսօր ՝ ապրիլի 24-ին, հիշում և պահանջում եմ Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ասված է աշխարհահռչակ թավջութակահարի գրառման մեջ։
Թավջութակահարը խնդրել է կիսվել տեսանյութով, որ մարդիկ իմանան, որ կա գեղեցիկ, արևոտ երկիր, որը կոչվում է Հայաստան, և հայեր՝ հնագույն ազգ՝ ամուր ավանդույթներով, հարուստ մշակույթով և անգերազանցելի հյուրընկալությամբ, որը միշտ ուրախ կլինի հյուրընկալել ձեզ՝ բացահայտելու պատմությունը, մշակույթը, աշխարհի հնագույն վանքերը, հրաշալի բնությունը, զարմանալի սնունդը և կյանքի փորձ ձեռք բերելու համար։